13 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2009թ-ին Եվրոպական միությունը արեւելյան վեց (Հայաստան, Վրաստան, Ադրբեջան, ՈՒկրաինա, Մոլդովա, Բելառուս) հարեւան երկրների հետ հարաբերությունների խորացման նպատակով նախաձեռնեց Արեւելյան գործընկերությունը: Վերջինիս շրջանակներում խորհրդարանական համագործակցության նպատակով էլ ստեղծվեց «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովը: Վերջինիս իրականացրած գործունեության եւ հեռանկաների մասին «Արմենպրես»-ը զրուցել է «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի համանախագահ, Եվրոպայի սոցիալիստական կուսակցության փոխնախագահ Քրիստիան Վիգենինի եւ «Եվրանեսթ»-ում հայկական պատվիրակության անդամ Արտակ Զաքարյանի հետ:
-Ինչպե՞ս եք գնահատում «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակության ներդրումը վեհաժողովի կայացմանը:
Քրիստիան Վիգենին- Հայկական պատվիրակությունը «Եվրանեսթ»-ում ամենաակտիվ պատվիրակություններից մեկն է: Հայկական պատվիրակությունն իր ներդրումն է ունեցել ընթացակարգային կանոնների մշակմանը, ներկայացրել` իր առաջարկները: «Եվրանեսթ»-ի ստեղծումից հետո էլ այն լիովին օգտագործել է ընձեռված բոլոր հնարավորությունները: Պատվիրակության անդամներն ակտիվորեն մասնակցում են հանձնաժողովների, վեհաժողովի բյուրոյի աշխատանքներին: Ես անձամբ բավարարված եմ եւ հուսով եմ, որ այս տեմպն ու դրական մոտեցումը կպահպանվի:
-»Եվրանեսթ»-ը նորաստեղծ կառույց է: Նման կառույցներից մեր տարածաշրջանում, թերեւս, առավել ակտիվը եղել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը: Որո՞նք կլինեն «Եվրանեսթ»-ի զարգացման հիմնական ուղղությունները, ի՞նչ ապագա եք պատկերացնում նրա համար:
Քրիստիան Վիգենին: «Եվրանեսթ»-ը մի մարմին է, որը հիմնված է Արեւելյան գործընկերության նախաձեռնության վրա, նրա խորհրդարանական մակարդակն է: Մեր գործունեությունը վերաբերում է այն ամենին, ինչն առչնվում է ԵՄ-ի եւ նրա արեւելյան հարեւանների համագործակցությանը: Այսպիսով, դա հարցերի բավականին լայն շրջանակ է: Մենք սերտորեն շարունակելու ենք համագործակցությունը նաեւ միջկառավարական մակարդակում: Նոր գաղափարներ ենք առաջ քաշելու Արեւելյան գործընկերության եւ Եվրոպական հարեւանության քաղաքականության զարգացման համար, կփորձենք մշակել նաեւ հեռահար գաղափարներ` հարցեր, որոնք չի լինի որոշել այս պահին: Այս ամենն իր դրական ազդեցությունը կունենա ոչ միայն «Եվրանեսթ»-ի, այլ նաեւ Եվրոպական խորհրդարանի եւ, ընդհանուր առմամբ, եվրոպական ինստիտուտների զարգացման վրա:
Իհարկե, Եվրոպայի խորհուրդը շատ ակտիվ է այս տարածաշրջանում, սակայն այն հարցերի շրջանակը, որով զբաղվում է ԵԽ-ն չի հակասում մեր օրակարգային հարցերին, ուստի մենք կփորձենք փոխլրացնել միմյանց: Անշուշտ, մենք մշտական երկխոսության մեջ ենք ԵԽ-ի մեր գործընկերների հետ. նրանք մեզ տեղեկացնում են բոլոր որոշումների եւ քայլերի մասին, որոնք վերաբերում են այս տարածաշրջանին: Մենք էլ տեղեկացնում ենք նրանց մեր դիրքորոշումների ու քայլերի մասին: Այսպիսով, մեր գործակցությունը կայանում է եւ մրցակցության համար տեղ չկա:
-Արեւելյան գործընկերության մեկնարկից ի վեր Հայաստանի կառավարությունը բարեփոխումներ է ձեռնարկել այդ ուղղությամբ: Ինչպե՞ս եք գնահատում այս ընթացքում ձեռնարկված բարեփոխումները:
Քրիստիան Վիգենին: Պետք է ասեմ, որ վերջին շրջանում Հայաստանը հստակորեն ցույց է տվել իր հանձնառությունը ԵՄ-ի հետ հարաբերությունները սերտացնելու ուղղությամբ, ինչպես նաեւ օգտագործելու այն բոլոր հնարավորությունները, որ տալիս է ԵՄ-ն` հարեւանության քաղաքականության եւ Արեւելյան գործընկերության միջոցով: Մենք զգում ենք այս փոփոխությունը, տեսնում ենք իրականացվող բարեփոխումները: Իհարկե, առաջընթացը կարեւոր է, օրինակ` ազատ առեւտրի շուրջ բանակցություններում, սակայն Հայաստանի համար մեծագույն փորձությունը լինելու են հաջորդ խորհրդարանական ընտրությունները: Մենք հուսով ենք, որ այս անգամ նրանք կհամապատասխանեն ԵԱՀԿ-ի չափանիշներին` կլինեն ազատ, արդար եւ ժողովրդավարական, եւ ոչ միայն ընտրությունների օրը, այլ նաեւ ամբողջ գործընթացը` այսօրվանից մինչեւ ընտրությունների օրը: Հուսով ենք, որ այն չի լինի հակասական, եւ, վերջապես, ընտրությունների արդյունքները կհամապատասխանեն ժողովրդի քվեին: Նկատի ունեմ, որ ժողովուրդը պետք է հավատա, որ այս ընտրությունների վերջնական արդյունքները երկրի իրական քաղաքական իրավիճակի պատկերն են: Ահա թե ինչու մենք գտնում ենք, որ ուժեղ միջազգային դիտորդական առաքելությունն օգտակար կլինի: Մի կողմից այն կաջակցի իշխանություններին ընտրությունների կազմակերպման գործընթացում` կանխարգելելու համար տեղական մակարդակում խախտումները, մյուս կողմից էլ նրանց ներկայությունը կօգնի Հայաստանին ցույց տալու, որ ամեն ինչ լավ է կազմակերպված` եւ առկա սպասումներին համապատասխան: Դա նաեւ կձեւավորի երկրի առավել դրական իմիջ ոչ միայն ԵՄ-ում, այլ նաեւ ընդհանուր միջազգային հանրության մոտ:
Ես հանդիպումներ եմ ունեցել նախագահի, խորհրդարանի խոսնակի, արտաքին գործերի նախարարի հետ, եւ նրանք բոլորն էլ ինձ հավաստիացրեցին, որ այս անգամ կանեն հնարավորը երաշխավորելու համար, որ այս ընտրությունները կհամապատասխանեն ԵՄ-ի սպասելիքներին: Հուսով եմ` դա այդպես կլինի:
Սովորաբար, շատ երկրներում այն քաղաքական ուժերը, որոնք պարտվում են ընտրություններում, ձգտում են ներկայացնել իրենց պարտության պատճառը նրանով, թե այդ ընտրությունները կեղծվել էին: Սակայն,եթե գործընթացը թափանցիկ է, հակասական չէ, իսկ ընտրությունների օրն էլ լավ է անցնում, ապա նրանք ավելի քիչ հիմքեր կունենան կառավարությանը եւ իշխանություններին մեղադրելու ընտրությունները վատ կազմակերպելու մեջ: Իրականում, ամեն ինչ իշխանությունների ձեռքում է, քանի որ ոչ թե ընդդիմությունը, այլ իշխող մեծամասնությունն ու կառավարությունն են կրում ընտրությունները լավագույնս կազմակերպելու պատասխանատվությունը:
Արտակ Զաքարյան: Արեւելյան գործընկերությունը ԵՄ-ի որդեգրած նոր հարեւանության քաղաքականության լավագույն նախաձեռնություններից մեկն է, որը 6 գործընկեր երկրներին հնարավորություն է տալիս ավելի արագ, արդյունավետ ներգրավված լինել բարեփոխումների շրջանակներում: Այդ բարեփոխումների մասին Հայաստանը հայտարարել է, եւ Կառավարությունն ու իշխանություններն էլ հետեւողականորեն իրականացնում են:
Արեւելյան գործընկերությունն ապահովում է այն բավարար գործընկերային սկզբունքները, որոնք եւ’ տեխնիկական, եւ’ քաղաքական աջակցության շրջանակներում ապահովելու են նաեւ իրավական համապատասխանեցման խնդիրները: Այն միաժամանակ ապահովում է նաեւ բավարար խորհրդատվություն եւ փորձառություն, կազմակերպում երկուստեք համագործակցություն, որն արդեն իսկ նոր մոտեցումներ է Հայասանի սոցիալ-քաղաքական, իրավական խնդիրները լուծելու համար: Այն միաժամանակ նաեւ եվրաինտեգրումն տեղափոխում է իրական կյանք, պրոեկտում սոցիալական հարթության վրա:
-Փետրվարին Երեւանում կայանալու է «Եվրանեսթ»-ի սոցիալական հարցերի, կրթության, գիտության, մշակույթի եւ քաղաքացիական հասարակության կոմիտեի նիստը: Ինչպիսի՞ սպասեիլքներ ունեք այդ նիստից: Պարո’ն Վիգենին ներկա կլինե՞ք նիստին:
Քրիստիան Վիգենին: Կանեմ հնրավորը ներկա գտնվելու համար, սակայն հիմա ոչինչ չեմ կարող խոստանալ: Հուսով եմ, որ այդ հանդիպումը կապացուցի, որ մեր Արեւելյան գործընկերները լիիրավ մասնակցություն են ցուցաբերում վեհաժողովի աշխատանքներին: Դա նաեւ ցույց կտա, որ հանդիպումները կարող են հաջողությամբ տեղի ունենալ ինչպես ԵՄ-ում, այնպես էլ Արեւելյան գործընկեր երկրներում: Հուսով եմ, որ քննարկումները օգտակար կլինեն, եւ որ հանդիպման ընթացքում հնարավորություն կստեղծվի մտքերի փոխանակություն իրանկանացնել նաեւ հասարակական կազմակերպությունների հետ:
Այս հանդիպումը փորձություն է լինելու Բաքվում կայանալիք հանդիպման համար: Հուսով եմ, որ կոմիտեում Ադրբեջանի ներկայացուցիչները լիովին կմասնակցեն աշխատանքներին, եւ Հայաստանում իմ գործընկերներին իմ ուղերձն այն է, որ իրենց կողմից պետք է անեն հնարավորը ապրիլին Բաքվում կայանալիք հանդիպմանը մասնակցելու համար: Հասկանում եմ, որ այդ ժամանակ նրանցից ոմանք ներգրավված են լինելու նախընտրական քարոզարշավի մեջ եւ, միգուցե, ողջ պատվիրակությունը չկարողանա լինել Բաքվում, սակայն բոլոր երկրների մասնակցությունը ինչպես Երեւանում, այնպես էլ Բաքվում կայանալիք հանդիպումներին կստեղծի հասկացվածության առավել դրական մթնոլորտ եւ շահեկան կլինի բոլոր կողմերի համար:
Արտակ Զաքարյան: Որպես սոցիալական հարցերի, կրթության, գիտության, մշակույթի եւ քաղաքացիական հասարակության կոմիտեի համանախագահ` ես բավականին մեծ ակնկալիքներ ունեմ այդ կոմիտեի երեւանյան նիստի աշխատանքներից, որովհետեւ այն համարավում է «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի ամենալայն խնդիրների շրջանակ ունեցող կոմիտեներից մեկը: Նիստի ընթացքում կներկայացվի երկու զեկույց: Մեկն առնչվում է սոցիալական խնդիրներին, մյուսը` քաղաքացիական հասարակության ակտիվ մասնակցությանը եւ նրա համագործակցությանը Արեւելյան գործընկերության անդամ պետությունների կառավարությունների հետ: Այս հարթության վրա, պետք է ասեմ, որ Հայաստանը բավականին լավ դիրքերում է գտնվում, եւ մենք փորձելու ենք համապատասխան զեկույցով խթանել եվրոպական կառույցների հետագա աջակցությունը այս հարթության վրա: ՈՒշադրություն ենք հրավիրելու Արեւելյան գործընկերության անդամ երկրներ-ԵՄ անդամ երկրներ օրակարգային, ընթացիկ խնդիրներին, որոնք գտնվում են չորս հիմնական ուղղությունների մեջ: Մշակելու ենք նաեւ առաջարկներ «Եվրանեսթ»-ի հաջորդ լիագումար նիստերին ներկայացնելու համար:
Հայաստանում գործող մի շարք աջակողմյան կուսակցություններ, այդ թվում` իշխող Հանրապետական կուսակցությունը, ներկայում ձգտում են անդամագրվել Եվրոպական ժողովրդական կուսակցությանը: Պարո’ն Վիգենին, հաշվի առնելով, որ Դուք Եվրոպական սոցիալաիստական կուսակցության փոխնախագահն եք, կցանկանայի հարցել, թե այս առումով ինչ է անում Ձեր կուսակցությունը Հայաստանում:
Քրիստիան Վիգենին: Նախ եւ առաջ կցանկանայի ողջունել հայաստանյան չորս աջակողմյան կուսակցությունների` ԵԺԿ-ին անդամագրման ձգտումը: Ամենաճիշտ գործընթացն այն կլինի, որ մեր գործընկեր երկրների հիմնական կուսակցությունները դառնան եվրոպական մեծ կուսակցական ընտանիքների մաս: Դա կստեղծի համագործակցության նոր հնարավորություններ:
Մենք գիտենք, որ Հայ հեղափոխական դաշնակցությունը սոցիալիստական ինտերնացիոնալի մաս է կազմում, եւ այդ մակարդակում աշխատում ենք նրանց հետ: Մենք նրանց հետ քննարկելու ենք այն հնարավորությունները, որոնք թույլ կտան առավել ներգրավվել մեր գործունեության մեջ: Իհարկե, դեռ շատ շուտ է խոսել լիիրավ անդամության մասին, դա, մեր կանոնների համաձայն, դեռ չի կարող լինել, սակայն մենք աշխատելու ենք առավել մեծ ներգրավվածություն ապահովելու ուղղությամբ:
Իմիջիայլոց, ՀՅԴ-ն հրավիրված է մասնակցելու Եվրոպական սոցիալիստական կուսակցության վեհաժողովին, որն առաջիկայում կկայանա Բրյուսելում: Ահա’, տեսնում եք, որ կուսակցական երկխոսությունը բավականին կարեւոր է եւ օգնում է երկրի առաջընթացին:
Արտակ Զաքարյան: «Եվրանեսթ»-ի շրջանակներում եւս մենք լավ գործընկերային եւ աշխատանքային հարաբերություններ ենք ստեղծել ԵԺԿ-ի հետ եւ, պետք է ասեմ, որ այդ համագործակցությունը տալիս է իր արդյուքները: ՀՀԿ-ի եւ ԵԺԿ-ի միջեւ բավականին մեծ գաղափարական, քաղաքական ընդհանրություններ կան: Սա շատ լավ հարթակ է Հայաստան-ԵՄ քաղաքական երկխոսությունը ապահովելու համար, սա երկարաժամկետ համագործակցություն է:
Հարցազրույցը` Արմեն Ղազարյանի