Պետություն- մասնավոր հատված համագործակցությունը կայացած է. Արսեն Ղազարյան
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բիզնեսի առաջին ծիծեռնակներին համախմբող ու զորակցող առաջին հասարակական կառույցը' Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների (գործատուների) միությունը 15 տարեկան է: Ինչպես նոյեմբերի 9-ին միության 6-րդ համագումարից առաջ լրագրողների հետ զրույցում նշեց միության նախագահ Արսեն Ղազարյանը, այսօր Հայաստանն ունի գործարարների կայացած խավ, որը ոչ միայն բիզնես է անում, շահույթ հետապնդում, այլեւ սոցիալական պատասխանատվություն է զգում համայնքի, հասարակության առջեւ: «Նորանկախ Հայաստանի այս 20 տարիների ընթացքում տնտեսության գլխավոր ձեռքբերումը պետություն-մասնավոր հատված երկխոսության կայացումն է: Ձեւավորված այդ հարթակում մենք կարողանում ենք ներկայացնել մեր խնդիրները, բանավիճել, լսելի լինել, երբեմն նաեւ սուր պայքար մղել, բայց դրա արդյունքում դրականորեն ազդել տնտեսական քաղաքականության վարչարարության գործընթացների վրա»,- ասաց Ղազարյանը:
Միությունը խիստ կարեւորում է գործարարության զարգացումը, հատկապես' մարզերում եւ ակտիվորեն շարուկանում տարածքային եւ ճյուղային կառույցների կազմավորման գործընթացը: Հատկապես հեռավոր սահմանամերձ բնակավայրերում նոր աշխատատեղերի ստեղծումը միության ռազմավարության կարեւորագույն ուղղություններից է: «Այսօր, երբ դարի մարտահրավերները նոր խնդիրներ են առաջադրում, միությունը խիստ կարեւորում է երկրի գործարար խավի առավել համախմբումը'հիմնված ոչ միայն սեփական շահերի եւ հնարավորությունների, այլեւ պետության հանդեպ ունեցած պարտքի գիտակցման վրա»,- ընդգծեց Ղազարյանը: Ըստ նրա' միության հեռահար գերխնդիրն է Հայաստանում գործարար խավի լիարժեք կայացումը, որի ազգանվեր գործով էլ վերջապես գալու է հայ գործարարի «ոսկե դարը»: «Այսուհետ եւս փորձելու ենք աջակցել պետությանը բարեփոխումների ծրագրերի իրականացման գործընթացում' ի շահ Հայաստանի տնտեսական բարգավաճման, սոցիալական արդարության եւ հավասարության կայացման»,- շեշտեց Արսեն Ղազարյանը:
Միության 6-րդ համագումարին ելույթով հանդես կգա նաեւ Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը: