ՀՀԿ-ն ոչ մի կուսակցության չի պարտվի. Ռաֆիկ Պետրոսյան
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետական կուսակցության ցանկացած անդամ կարող է լինել ՀՀԿ շտաբի ղեկավար: Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀԿ ներկայացուցիչ Ռաֆիկ Պետրոսյանը, Հովիկ Աբրահամյանը ցույց է տվել, որ այդ աշխատանքը լավագույնս է ղեկավարում: «Խոսակցություններ են պտտվում տարբեր մարդկանց հրաժարականների մասին, սակայն կուսակցության ներսում նման բան դեռեւս չկա»,-ասաց ՀՀԿ ներկայացուցիչը' հավելելով, որ պաշտոնափոխումները բացառված չեն:
Պետրոսյանը, անդրադառնալով Գագիկ Բեգլարյանի հնարավոր վերադարձին, նշեց, որ նա ավելի, քան որեւէ մեկը, կարող է այդ ուղղությամբ ատիվացնել աշխատանքները: «Պարտադիր չէ պաշտոն ստանալ կուսակցությանը ծառայելու համար, առանց դրա էլ կարելի է ծառայել»,- նշեց նա:
ՀՀԿ ներկայացուցչի համոզմամբ' ՀՀԿ-ն բոլոր տեսակի ընտրություններում չի ունեցել մտավախություն եւ առաջիկայում նույնպես չի ունենալու, որ կհաղթի: «Այն այնպիսի կադրային եւ աշխատանքային վիճակում է, որ տեսնում է իր ապագան ու կատարած աշխատանքները' երկիրը զարգացնելու հարցում: Այդ ամենը կարտացոլվի նաեւ նախընտրական ծրագրում»,- ասաց Պետրոսյանը' եզրափակելով, որ ՀՀԿ-ն ոչ մի կուսակցության չի պարտվի: