ԵՐԵՎԱՆ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մանկական Եվրատեսիլ 2011»-ի հայաստանյան ներկայացուցչի' Դալիթա Ավանեսյանի Welcome To Armenia երգի տեսահոլովակի' օրեր առաջ մեկնարկած նկարահանման աշխատանքներն ավարտվել են: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց «Եվրատեսիլ»-ի հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը, տեսահոլովակն այժմ մոնտաժման փուլում է: «Այն, ամենայն հավանականությամբ, կներկայացվի հանդիսատեսի դատին մեկ շաբաթից»,- տեղեկացրեց նա:
Հանրային հեռուստաընկերության թիմային աշխատանքի արդյունքում տեսահոլովակը կներկայանա հեռուստադիտողին նաեւ անիմացիոն- գրաֆիկական ձեւավորմամբ:
Տեսահոլովակում Դալիթան եւ մյուս մասնակիցները ներկայանում են ուղեկցորդուհիների եւ ուղեկցորդների' համապատասխան տրամադրություն ստեղծող հագուստներով, ինչը լիովին համահունչ է երգի անվանմանը: Հանդերձների հեղինակներն են ռեժիսոր Վահան Բադալյանն ու դիզայներ Լիլիթ Մարգարյանը:
Welcome To Armenia երգի տեսահոլովակը մոնտաժային աշխատանքների ավարտից հետո կհայտնվի եթերում, սակայն մինչ այդ եւ դրանից հետո «Եվրատեսիլ» -ի Հայաստանի պատվիրակությունն ու Դալիթան կշարունակեն մրցույթի նախապատրաստական աշխատանքները: