Սերգեյ Մինասյան. «ԼՂ խնդրի շուրջ զարգացումներ դեռեւս տեղի չեն ունենա»
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադկեի (ԱՄՆ), Իգոր Պոպովի (ՌԴ) ու Բերնար Ֆասիեի (Ֆրանսիա) հերթական այցը տարածաշրջան Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման շուրջ տիրող գործընթացի շարունակությունն է: Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը, համանախագահները, վերջիններիս երկրների արտաքին գերատեսչությունների ներկայացուցիչները շարունակում են խոսել ոչ թե նոր փաստաթղթի, այլ վստահության ամրապնդման մեխանիզմների ստեղծման մասին: «Միջազգային հանրության կողմից խոսք է գնում այն իրավիճակի փոփոխության մասին, որը գոյություն ունի բուն հակամարտության գոտում' նվազեցնել դիպուկահարների թիվը շփման գծում»,- նշեց քաղաքագետը' ավելացնելով, որ մոտ ժամանակներս ԼՂ խնդրի շուրջ փոփոխություններ, նոր առաջարկներ ու զարգացումներ դեռեւս տեղի չեն ունենա: