Հարցազրույց

Գյումրու տիկնիկային թատրոնի տնօրեն. «Ես դեմ եմ, որ մենք երեխային դաստիարակենք սերիալների ոգով»

5 րոպեի ընթերցում

Գյումրու տիկնիկային թատրոնի տնօրեն. «Ես դեմ եմ, որ մենք երեխային դաստիարակենք սերիալների ոգով»

ԳՅՈՒՄՐԻ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավելի քան 75 տարվա պատմություն ունեցող Հայաստանի առաջին` Գյումրու Ստեփան Ալիխանյանի անվան տիկնիկային թատրոնը շարունակում է զարմացնել իր փոքրիկ հանդիսատեսին նոր ու հետաքրքիր ներկայացումներով: Թատրոնի անելիքների ու առաջիկա ծրագրերի մասին «Արմենպրես»-ը զրուցեց թատրոնի գեղարվեստական ղեկավար եւ տնօրեն Լեւոն Բաղդասարյանի հետ:

-Ո՞րն է 75 տարվա պատմություն ունեցող թատրոնի ձեռքբերումը:

-Մանուկ հանդիսատեսի վստահությունը, որը ձեռք է բերվել տարիների ընթաքում` հաջողված ներկայացումների շնորհիվ:

-Ինչպե՞ս կարելի է գոհացնել մերօրյա փոքրիկ հանդիսատեսին:

-Ասեմ, որ այնքան էլ հեշտ չէ, բայց շատ հետաքրքիր է: Պետք են նոր մտահղացումներ, անընդհանտ նորացվող հերոսներ ու ժամանակակից շունչ, բայց դրանք պետք է այնպես կազմակերպել, որ դրանից երեխան չտուժի: Այս թատերաշրջանը մենք բացեցինք Հովհաննես Թումանյանի մոտիվերով «Անխելք մարդ»-ը հեքիաթ-ներկայացումով: Ներկայացման սցենարի եւ բեմադրության հեղինակը երիտասարդ ռեժիսոր Արմենուհի Մանուկյանն է, ով իր հետ նոր շունչ ու նոր ասելիք է բերել թատրոն: Այս ներկայացման մեջ, որպես ասելիք, առաջին պլան էր մղվել սերը: Ներկայացումը նաեւ ուսուցանում է, որ մարդու անխելքությունն իրեն շեղում է դեպի աստվածուրացություն, աղանդներ: Մեր ներկայացումները միշտ մեծահասակի եւ փոքրերի համար են, եւ յուրաքանչյուրն իրենն է վերցնում:

-Գտնո՞ւմ եք, որ տիկնիկային թատրոնը եւս դեր է խաղում մատաղ սերնդի դաստիարակման գործում:

-Այո՛: Երեխային պետք է ճիշտ դաստիարակել, լավն ու բարին սերմանել հենց սկզբից, իսկ դրան հասնելու լավագույն տարբերակներից մեկը հեքիաթն է:

-Համակարգիչն ու հեռուստատեսությունը չե՞ն փոխարինում թատրոնին:

-Ասեմ, որ կենդանի շփումը բոլորովին այլ է, էկրանային շփումը` այլ: Մենք ավելի պատասխանատվությամբ ենք մոտենում այս հարցին: Բեմից երեխան կենդանի էներգիա է ստանում եւ դառնում է այդ գործողության անմիջական մասնակիցը: Երեխան դառնում է ոչ միայն հանդիսատես, այլ նաեւ գործող անձ: Ճիշտ է` շատ դեպքերում աղմուկ է ստեղծվում, բայց դա շահեկան է: Մենք հիմա ավելի հաճույքով ենք աշխատում: Դա ոչ թե մրցակցության արդյունք է` ինտերնետի կամ հեռուստատեսության հետ, այլ մենք լրացնում ենք այն բացը, որն ինտերնետն ու հեռուստատեսությունը չեն տալիս` մանկավարժության, դաստիարակության, իսկ ամենակարեւորը` հայեցի դաստիարակության իմաստով:

-Խաղացանկում ի՞նչ ներկայացումներ ունեք:

-Մեր խաղացանկում այսօր ունենք «Չարի վերջը», «Խելոքն ու հիմարը»՝ Թումանյանի մոտիվներով, Լ. Տոլստոյի ռուս ժողովրդական հեքիաթներից՝ «Գնդիկ բոքոնիկը,, «Մաշան եւ արջը»: Ռուս հանդիսատեսի համար պատրաստում ենք նաեւ ռուսերեն ներկայացումներ: Դրան զուգահեռ, որպես նորույթ, ունենք նաեւ տիկնիկային համերգ, որում ընդգրկված են տարբեր ժանրերի հայտնի երգեր` մեր մեկնաբանությամբ, տիկնիկային լուծումներով: Ընթացքի մեջ է թումանյանական «Շունն ու կատուն»:Այսօր մտածում ենք ստեղծել ներկայացումներ մեծահասակների համար, որոնք պետք է լինեն կառուցողական:

-Իսկ խաղացանկում նոր հեքիաթներ ու նոր հերոսներ չկա՞ն:

-»Շունն ու կատուն» ներկայացման մեջ, որի բեմադրիչը ես եմ, ներմուծել եմ «հարկայինի» հերոսին: Նմանատիպ հերոսներն ու կերպարները շատ են, բայց նոր հեքիաթները` «Շռեկ» եւ այլն, այնքան էլ մանկական չեն, եւ կառուցված են արագ ոչնչացման վրա, իսկ ես դեմ եմ, որ մենք երեխային դաստիարակենք սերիալների ոգով, չի’ կարելի: Երեխաներին պետք են ուսուցողական մեթոդներ:

-Ունե՞ ք սերնդափոխության խնդիր:

-Դա աստիճանաբար է կատարվում` ինչպես ռեժիսորական, այնպես էլ տիկնիկավար-դերասանների շրջանում: Ավելի շատ պետք են տղաներ: Աղջիկ տիկնիկավարներ շատ են դիմում:Տիկնիկավարությունը դժվար գործ է, նաեւ` ֆիզիկապես: Բոլորը չէ, որ կարող են այս աշխատանքը կատարել:

Հարցազրույցը` Արմենուհի Մխոյանի

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում