Ա. Ալեքսանյան. «Մեր նպատակն է ստեղծել հեռուստաընկերություն, որն արժանի է մեզ ու մեր երկրին»
5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ,1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս տարվա օգոստոսի 1-ին «Արմնյուզ» հեռուստաընկերության տնօրեն նշանակվեց հեռուստալրագրող Արտակ Ալեքսանյանը: Մինչ այդ պաշտոնը, Ա. Ալեքսանյանը ստեղծել էր իր «Բանաձեւ» ընկերությունը, որը հեռուստատեսային ֆիլմեր եւ հաղորդումներ էր արտադրում: Նա Հանրային հեռուստաընկերության լրատվական ծառայության գլխավոր պրոդյուսերն էր, նաեւ` ղեկավարում է «Նյու մեգ» ամսագիրը: Տեղափոխվելով «Արմնյուզ»` Ա. Ալեքսանյանն իր հետ տեղափոխեց նաեւ իր լրագրողական թիմը, որը հայ հեռուստադիտողին ճանաչելի եւ սիրված է` առաջին հերթին լուրջ լրագրողական ավանդույթների ստեղծման ու պահպանման, ինչպես նաեւ ինտերակտիվ աշխատանքի շնորհիվ: Թիմի` «Արմնյուզ» հեռուսաալիքում ծավալած գործունեության, առաջիկա ծրագրերի եւ հեռանկարների մասին «Արմենպրես»-ը զրուցեց Ա. Ալեքսանյանի հետ` հեռուստաընկերության նոր եթերաշրջանի պաշտոնական մեկնարկի շնորհանդեսից ամիջապես հետո:
-«Արմնյուզ»-ն ի սկզբանե լրատվական ալիք է, ո՞րն է նրա գլխավոր առանձնահատկությունը լրատվական ոլորտում:
-Առաջին հերթին օպերատիվությունը: Մենք պարտավոր ենք ապահովել օպերատիվություն, դա մեր այսօրվա գերխնդիրն է:
- Հեռուստադիտողը կտեսնի՞ Ձեզ եթերում:
-Այո’, սկզբնական շրջանում ես կվարեմ լուրերը, հետագայում` նաեւ իմ հեղինակային «Բանաձեւ» թոք-շոուն, ինչպես նաեւ նոր եթերաշրջանում իմ հեղինակային հաղորդումներից եթերում կլինի «Հատուկ ռեպորտաժ»-ը:
- Բացի վերլուծական ու լրատվական հաղորդումներից, ի՞նչ նոր ձեւաչափի հաղորդումներ կներկայացվեն հեռուստադիտողի դատին:
-Մենք գնել են վավերագրական ֆիլմաշարեր, որոնք արտադրվել են Ֆրանսիայում, Անգլիայում եւ Միացյալ Նահանգներում: Դրանք 2007-2011 թթ. արտադրության բարձրակարգ եւ շատ հետաքրքիր ֆիլմեր են, որոնք կցուցադրվեն շաբաթ եւ կիրակի օրերին, եւ այդ իմաստով սա նույնպես նոր ձեւաչափ է «Արմնյուզ»-ի եթերում:
- «Արմնյուզ»-ի եթերում տեղ կգտնե՞ն ժամանցային ու օտարալեզու թողարկումները:
-Ժամանցային հաղորդումներ չեն լինի, բայց եթերում կլինեն բազմաթիվ ճանաչողական եւ Հայաստանի ու աշխարհի մասին պատմող հաղորդումներ: Առավոտյան, ցերեկային եւ երեկոյան ժամերին կլինեն նաեւ հետաքննական հաղորդումներ: Կարծում եմ` օտարալեզու հաղորդումներն անխուսափելի են առաջիկայում արբանյակային հաղորդումների առկայության դեպքում:
-Վերջին հարցազրույցներից մեկում Դուք նշել եք, որ «Արմնյուզ»-ը լինելու է ինտելեկտուալ հեռուստաընկերություն, կպարզաբանե՞ք այս միտքը:
- Ինտելեկտուալ ասելով` նկատի ունեմ խելացի, պատրաստված հեռուստալսարան եւ հեռուստաընկերություն: Եվ շատ կարեւոր է, որ եթերն անփույթ, «պրիմիտիվ» չլինի, ինչպես նաեւ պարզունակ չլինի եթերի լեզուն, խոսքաշարը:
-«Բանաձեւ» ընկերությունն ունի իր կողմից ձեւավորված, իրեն հստակ տարբերակող լրագրողական աշխատելաոճ: Որո՞նք են այն կարգախոսը, սկզբունքները, որով կառաջնորդվի թիմը:
- Մենք մեր առջեւ նպատակ ենք դրել դառնալ համահայկական լրատվական հեռուստաալիք: «Մալականի պես աշխատասեր, երեխայի պես անկեղծ, ոսկերչի պես բծախնդիր, բժշկի պես ուշադիր եւ ամենակարեւորը` ընկերոջ պես անմիջական». սա է մեր կարգախոսը, որով առաջնորդվում ենք: Եվ մենք մեծ սրտով, եռանդով ու պատասխանատվությամբ ենք պատրաստվում աշխատել` ստեղծելով հեռուստաընկերություն, որն արժանի է մեզ ու մեր երկրին:
- Ո՞րը կհամարեք «Արմնյուզ»-ի գլխավոր հաջողությունն առաջիկայում:
-Երբ մեր բոլոր հաղորդումները մուտք գործեն եթեր: Մենք այնքան հերթագրված հաղորդումներ ունենք, որոնք ունեն վերջնական ձեւաչափի որոշման, տաղավարի կամ գլխագրի պատրաստման խնդիր, եւ մեր մարտահրավերն առաջիկայում այն է, որ բոլոր հաղորդումները եթերում լինեն:
Հարցազրույցը` Տաթեւիկ Գրիգորյանի