Ռիչարդ Կիրակոսյան. «Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման առումով Հայաստանն արել է առավելագույնը»
3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման առումով արել է առավելագույնը: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսօր նման գնահատականով հանդես եկավ Տարածաշրջանային ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը' ընդգծելով, որ միջազգային հանրությունն այսօր արդեն սպասում է Թուրքիայի քայլերին:
Նրա տեղեկացմամբ' Ստամբուլում առաջիկա օրերին տեղի է ունենալու հայ-թուրքական երկխոսության շուրջ համաժողով, որի նպատակն է ելքեր գտնել գործընթացին նոր թափ հաղորդելու համար: Բանախոսը հատկանշական համարեց այն փաստը,որ համաժողովը հաջորդում է Վանում տեղի ունեցած երկրաշարժին եւ Տիգրանակերտում Սբ Կիրակոս եկեղեցու բացմանը: Ի դեպ, Ռիչարդ Կիրակոսյանը բարձր գնահատեց Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնությունը' երկրաշարժի հետեւանքները վերացնելու նպատակով Թուրքիային մարդասիրական օգնություն տրամադրելու հարցում: «Իսկ այն, որ Թուրքիան սկզբում մերժեց բոլոր երկրների, այդ թվում նաեւ' Հայաստանի աջակցությունը եւ ընդունեց միայն Ադրբեջանինը, խոսում է այն մասին, որ Հայաստանից եւ Թուրքիայից եկող ազդակները' հարաբերությունների կարգավորման գործում, տարբեր են»,- ասաց քաղաքագետը: Ռիչարդ Կիրակոսյանի հավաստմամբ' Թուրքիայի արտաքին քաղաքականությունը նշանավորվում է առաջ եկած մարտահրավերներով ու Սիրիայի, Լիբիայի, Իրանի կորուստներով, որը Թուրքիային ավելի թույլ դիրքերում է դնում' ի տարբերություն Հայաստանի, որն ավելի ուժեղ դիրքերում է, ինչպես ԼՂ հարցի, այնպես էլ'հայ- թուրքական հարաբերությունների կարգավորման առումով:
Այս համատեքստում քաղաքագետը կարեւորեց երկու հարցերում էլ Ռուսաստանի եւ Արեւմուտքի աջակցությունը Հայաստանին:
Ռիչարդ Կիրակոսյանի խոսքով' Կազանում Ադրբեջանն իր սխալ հաշվարկների պատճառով չկարողացավ արդարացնել Մինսկի խմբի սպասումները, որն էլ Հայաստանի դիրքերը ԼՂ հարցում, քաղաքագետի գնահատմամբ, էլ ավելի ամրապնդեց:
«Այսօր Հայաստանի համար այդ գործընթացում ընդամենը մի մարտահրավեր կա' օգտագործել ու պահպանել այս ռազմավարական առավելությունը' լինելով ոչ միայն պատասխանող, այլեւ նախաձեռնող կողմ»,- ասաց քաղաքագետը: