Կարծիքներ

Վազգեն Սաֆարյան. «Բյուջեն 101 մլրդ դրամով ավելացնելը պետք է կատարվի ստվերային տնտեսության կրճատման հաշվին»

2 րոպեի ընթերցում

Վազգեն Սաֆարյան. «Բյուջեն 101 մլրդ դրամով ավելացնելը պետք է կատարվի ստվերային տնտեսության կրճատման հաշվին»

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այն միտումը, որ ՀՀ կառավարությունը ցանկանում է 101 մլրդ դրամով ավելացնել պետական բյուջեի ծախսային մասը, ողջունելի է:Հանրային խորհրդի Ֆինանսատնտեսական եւ բյուջետային հանձնաժողովի նախագահության ընդլայնված նիստի ժամանակ նման գնահատականով հանդես եկավ հանձնաժողովի նախագահ Վազգեն Սաֆարյանը` ընդգծելով սակայն, որ դա պետք է արվի ավելի շատ ստվերային տնտեսության կրճատման հաշվին, քան նոր հարկատեսակներով ավելի շատ հարկային մուտքեր բերելով: Նրա խոսքով` 2012թ-ի բյուջեում պետք է մեծացվի տնտեսությունում ներդրողական քաղաքականության բաժինը` տնտեսության զարգացման հաշվին ստանալով 101 մլրդ դրամի ավելացումները:

Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը տեղեկացրեց, որ այս քննարկմանը ներկա պետք է լինեին նաեւ Էկոնոմիկայի ու Ֆինանսների նախարարությունների ներկայացուցիչները` խորհրդի անդամների կողմից բարձրացվող հարցերի պատասխանը տալու նպատակով: Սակայն այսօր առավոտյան Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանն առաջարկել է հետաձգել փաթեթի շուրջ քննարկումը, քանի որ այն դեռեւս լիարժեք չէ, ու կարող է փոփոխության ենթարկվել:

Մանուկյանը դրական գնահատեց փաթեթում փոփոխություններ մտցնելու փաստը եւ ընդգծեց` երբ հարկային ու մաքսային օրենքներում փոփոխություններ են կատարվում, դրանից հետո պետք է առնվազն մեկ տարի անցնի` նախքան այդ փոփոխությունները շրջանառության մեջ դնելը:

«Երբ գործարարը զբաղվում է տնտեսվարությամբ, նա չի կարող երկու ամսում իր ամբողջ բիզնեսը փոխել` օրենքին հարմարվելու համար»,- ասաց ՀԽ նախագահը:

Սաֆարյանը համաձայնեց Մանուկյանի հետ, ընդգծելով, որ տնտեսվարողները պետք է ժամանակ ունենան այդ փոփոխություններն իրենց տնտեսության հետ համադրելու համար` նպաստելով տնտեսությունների ոչ թե կրճատմանը, այլ ընդլայնմանը:

Հանձնաժողովը որոշեց խնդրահարույց բոլոր հարցերի շուրջ առաջարկություններ անել ու ներկայացնել Ֆինանսների նախարարությանը` համատեղ լուծումներ առաջարկելու նպատակով:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում