Կարծիքներ

Է. Շարմազանով. «Ժամանակն է, որ Ադրբեջանը սթափվի»

2 րոպեի ընթերցում

Է. Շարմազանով. «Ժամանակն է, որ Ադրբեջանը սթափվի»

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀԱՊԿ շրջանակում ռազմատեխնիկական համագործակցության շնորհիվ ստեղծվել է մարտունակ բանակ, որն ի վիճակի է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նկատմամբ Ադրբեջանի ագրեսիայի դեպքում ամբողջությամբ իր վրա վերցնել պատասխանատվությունը ԼՂ ժողովրդի անվտանգության համար: Այսօր Ազգային ժողովում նման հայտարարությամբ հանդես եկավ ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը' հավելելով, որ Ադրբեջանում սա շատ լավ հասկանում են, եւ դա է պատճառը, որ առիթը բաց չեն թողնում մեկ բաժակ ջրում փոթորիկ սարքելու: «Ալիեւյան կլանն Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ դառնալու փաստը ներկայացնում է որպես մեծ հաջողություն, մինչդեռ նշեմ, որ այստեղ մենք գործ ունենք մտացածին քարոզչության հետ»,- շեշտեց նա:

ՀՀԿ խմբակցության քարտուղարի խոսքով' արցախյան հիմնախնդրի կարգավորման վրա այս փաստը չի կարող որեւէ լուրջ ազդեցություն ունենալ, քանի որ Մինսկի խմբի համանախագահ երկրները ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամներ են, եւ նրանց կարծիքը համահունչ է Հայաստանի դիրքորոշման հետ: «Ոչ մշտական անդամ դարձավ նաեւ Պակիստանը, որի թե՛ ներքին իրավիճակը, եւ թե՛ ահաբեկիչների հետ հարաբերությունները գաղտնիք չեն, եւ չեմ կարծում, որ միջազգային հանրությունը նրան համարում է կայացած պետություն»,- նշեց Է. Շարմազանովը' հավելելով, որ Ադրբեջանի օգտին քվեարկել են իսլամական ու երրորդ աշխարհի տասնյակ երկրներ, որոնց, հավանաբար, հրապուրել է «Բաքվի նավթի կանաչ հոտը»:

Է. Շարմազանովի ներկայացմամբ' թե՛ Ֆրանսիայի նախագահ Սարկոզին Երեւանում, եւ թե՛ ՌԴ նախագահ Մեդվեդեւը Մոսկվայում, նշել են, որ արցախյան խնդիրն ունի միայն խաղաղ քաղաքական լուծում, իսկ «Զինված ագրեսիան անթույլատրելի է» կոչն ուղղված էր Ադրբեջանին: «Ժամանակն է, որ Ադրբեջանը սթափվի»,- շեշտեց ՀՀԿ խմբակցության քարտուղարը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում