Կ. Բեքարյան. «Թուրքիայում քրդերի նկատմամբ իրականացվում է այն, ինչ մեկ դար առաջ իրենց վրա զգացել են հայերը»
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Քրդերն այժմ ապրում են այն, ինչ ապրել ենք մենք մեկ դար առաջ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց «Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպության ղեկավար, քաղաքագետ Կարեն Բեքարյանը` ընդգծելով, որ 21-րդ դարում պայմանները որոշակիորեն փոխվել են, սակայն Թուրքիայի` ազգային փոքրամասնությունների դեմ պայքարի մեթոդն էական փոփոխություններ չի կրել:
«Որքան էլ Թուրքիայում ցավում են բնական աղետի համար, դա հարմար առիթ է ծառայում թուրքական ռազմական մեքենայի համար ընդլայնելու ռազմական գործողություններն ընդդեմ Քրդական աշխատավորական կուսակցության ու դրա ակտիվիստների»,- նշեց Կարեն Բեքարյանը` հավելելով, որ վերջին երկու օրերի ընթացքում Թուրքիայում ու Իրաքի տարածքում ռազմական գործողություններն ավելի լայնածավալ մասշտաբներ են ստացել: Նրա խոսքով` միջազգային հանրությունն անուշադրության է մատնել այդ հանգամանքը: «Ոչ ոք կարծես թե չի ցանկանում հաշվի նստել բռնության հերթական դրսեւորման հետ մի պետության կողմից, որի ամբողջ պատմությունը ներծծված է նման դեպքերով: Հերթական անգամ Թուրքիան իրագործում է իր սեփական նպատակները»,- ասաց Կարեն Բեքարյանը` հավելելով, որ հայ ժողովուրդը, որպես նմանատիպ բռնություն վերապրած ժողովուրդ, չպետք է դա թողնի առանց պատասխանի: