ՀՀ նախագահը ցավակցական հեռագիր է հղել Թուրքիայի նախագահին
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի պետական այցը ՌԴ շարունակվում է նախատեսված ծրագրին համապատասխան: Ինչպես Արմենպրեսին տեղեկացրեց Հայաստանի նախագահի մամլո ծառայությունից, Սերժ Սարգսյանը Մոսկվայից շտապ ցավակցական հեռագիր է հղել Թուրքիայի Հանրապետության նախագահ Աբդուլահ Գյուլին' Թուրքիայի տարածքում տեղի ունեցած երկրաշարժի կապակցությամբ:
Հեռագրում, մասնավորապես, ասված է.
«Մեծարգո՛ պարոն Նախագահ,
Ցավով տեղեկացա Վանում տեղի ունեցած ուժեղ երկրաշարժի հետևանքով առկա ավերածությունների, զոհերի և փլատակների տակ մնացած մարդկանց մասին: Ցավում եմ տեղի ունեցածի համար, ցավակցում եմ և հայտնում եմ Ձեզ, որ Հայաստանի փրկարարների մասնագիտացված ստորաբաժանումը պատրաստ է սեղմ ժամկետում հասնել էպիկենտրոն և անհապաղ անցնել փրկարարական աշխատանքներին»: