Պաշտոնական

Մեկնարկել է ՀՀ Նախագահի պետական այցը Ռուսաստանի Դաշնություն

2 րոպեի ընթերցում

Մեկնարկել է ՀՀ Նախագահի պետական այցը Ռուսաստանի Դաշնություն

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդևի հրավերով Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր պետական այցով ժամանել է Մոսկվա: Ինչպես Արմենպրեսին հայտնեցին Հայաստանի Հանրապետության Նախագահի մամլո գրասենյակից,

Հանրապետության ղեկավարն այցելել է Մոսկվայում Հայ Առաքելական եկեղեցական նորակառույց համալիր, մասնակցել համալիրի Մայր տաճարի գմբեթի խաչերի օրհնության և օծման արարողություններին: Համալիրի շինարարական աշխատանքներն ավարտվել են, այժմ կատարվում են Մայր տաճարի և մասնաշենքերի ներքին հարդարման աշխատանքները:

Մոսկվայի կենտրոնում կառուցվող հայկական եկեղեցական համալիրն զբաղեցնում է 1,32 հա տարածք: Հաստատված նոր նախագծով բուն շինարարական աշխատաքներն սկսվել են 2006 թվականից: Համալիրն ընդգրկում է Մայր տաճարը, Ս. Խաչ փոքր եկեղեցին, առաջնորդարանի շենքը, կրթամշակութային, վարչական և հյուրանոցային մասնաշենքերը, հանդիսությունների ու հյուրասիրությունների սրահները, թանգարանը: Այն ազգային ճարտարապետական կանոններին հավատարիմ կառույց է, որի մասնաշենքերը կառուցվել են բաց ծիրանագույն, իսկ Մայր Տաճարը\' վարդագույն տուֆով\' բերված Անի քաղաքից: Համալիրի զարդը տուֆակերտ Մայր Տաճարն է\' գոտևորված խաչերով, զարդաքանդակներով, մեսրոպատառ գրերով:

Պետական այցի առաջին օրը Նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է նաև «Էսթետե ոսկերչական տուն: Շրջայցի ընթացքում «Էսթետե ոսկերչական տան հիմնադիր և ղեկավար Գագիկ Գևորգյանը, ով նաև Հայ ոսկերիչների միության նախագահն է, Հանրապետության ղեկավարին ներկայացրել է դեռևս 1991թ. հիմնադրված և անցած երկու տասնամյակների ընթացքում մեծ հաջողությունների հասած ոսկերչական տան աշխատանքներն ու հետագա ծրագրերը:

Նախագահի այցը ՌԴ շարունակվում է նախատեսված ծրագրին համապատասխան:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում