Փ.Քոքս. «Քաղաքացիական հասարակությունը կարող է անուղղակի ներդրում ունենալ հակամարտությունների կարգավորման գործում»
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Եթե քաղաքացիական հասարակությունը կարող է որեւէ ներդրում ունենալ հակամարտությունների կարգավորման հարցում, ապա դա կլինի անուղղակի ներդրում. մենք պետական գործակալություն չենք, այլ կամավորներ»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Միջազգային Եվրոպական շարժման նախագահ Փեթ Քոքսը' հավելելով, որ Հարավային Կովկասում այսպես կոչված' «սառեցված հակամարտությունների» կարգավորման գործընթացը բավականին բարդ մարտահրավեր է:
Նրա խոսքով' հակամարտությունների կարգավորման գործընթացում քաղաքացիական հասարակության ներդրումը կլինի մարդկային շփումների ավելացումը «մենք աշխատում ենք ոչ թե վերեւից ներքեւ, այլ հակառակ ուղղությամբ»: Փ.Քոքսի համոզմամբ' երբ գտնվում են շփման հնարավորություններ, ապա սովորական մարդիկ սկսում են հարգել միմյանց արժանապատվությունը, եւ հենց դա էլ երկխոսության սկիզբն է:
«Ես չեմ չափազանցնում քաղաքացիական հասարակության դերակատարումը, եւ համոզված եմ, որ հակամարտությունների կարգավորման համար պահանջվում են բանակցություններ: Համոզված եմ նաեւ, որ այս բանակցությունները կարող են հասնել հաջողության: Ես իռլանդացի եմ, եւ Իռլանդիայում մենք ունեցել ենք հաջողված խաղաղ բանակցությունների օրինակ, որը չեղավ արագ»,- նշեց նա:
Փ.Քոքսը նաեւ վստահություն հայտնեց, որ բաց եւ թափանցիկ ժողովրդավարության, օրենքի գերակայության եւ մարդու արժանապատվության հարգման եվրոպական արժեքներն այն հիմնաքարերն են, որոնց վրա էլ կառուցվում է խաղաղությունը եւ հաշտեցումը: