Ա. Բադալյան. «ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի միջեւ հակասություն չի կարող լինել»
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետական եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների միջեւ հակասություն չի կարող լինել: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց քաղաքական եւ ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը: «Տերմինը սխալ է ընտրված: Քաղաքական ուժերի միջեւ կարող է պայքար լինել: Պայքար կա ոչ միայն ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի միջեւ, այլեւ' «Ժառանգություն», «Հայ ազգային կոնգրես», «Դաշնակցություն» կուսակցությունների»,- ասաց նա' ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի միջեւ լարվածության լուրերը բնորոշելով որպես «սեւ փիարի» տեխնոլոգիա: «Այս լուրերը հավանաբար տարածել է ՀԱԿ-ը: Ինֆորմացիան պատահական չի տարածվել.այն կանխամտածված է արվել»,-նշեց փորձագետը:
«Մինչ ընտրությունների զարգացումը մարդիկ գիտեն' ինչպես տաքացնեն շուրջբոլորը»,- նկատեց կառավարման փորձագետ Հարություն Սերոբյանը: Նրա խոսքով' այդ լուրերը տարածողը նպատակ է ունեցել հետաքրքրություն մտցնել տարատեսակ պատճառներով, ինչը երկրի ապագայի հետ ընդհանրապես կապ չունի: