Հ. Սահակյան. «Նախընտրական ժամանակաշրջանը նորմալ կլինի իր բոլոր բաղադրիչներով»
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քաղաքական թեժ աշնանից սպասելիքներն ինչ-որ չափով չարդարացան: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց ԱԺ պատգամավոր Վարդան Խաչատրյանը: Նրա խոսքով' մինչեւ ընտրությունները քաղաքական վիճակը կլինի գերլարված, ուստի հիմնական խաղացողներից պահանջվում է զգոնություն, պատասխանատվության զգացման մեծ աստիճան, որպեսզի իրավիճակը չմտնի այնպիսի փակուղի, որից ելքը լինի պայթունավտանգ:
Ասուլիսին ներկա ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Հովհաննես Սահակյանն այն համոզմունքը հայտնեց, որ ներքաղաքական կյանքը Հայաստանում ընթանում է իր բնականոն հունով: «Թեժ աշնանից սպասելիքներն արդարացվեցին, իսկ որ ավելի թեժ պետք է լիներ, տարբեր մտահոգությունների տեղիք է տալիս:Կունենանք նորմալ նախընտրական ժամանակաշրջան' իր բոլոր բաղադրիչներով:Քաղաքական ուժերը պետք է այդ ժամանակահատվածն օգտագործեն արդյունավետ»,-ասաց նա' հավելելով, որ իշխանությունը կարողացավ իր քայլերը դասավորել այնպես, որ թե՛ ժողովուրդը, թե՛ ընդդիմադիր ուժերը հասկացան, որ երկրի' այս իրավիճակից դուրս գալու համար անհրաժեշտ է հասարակությանը պատրաստել: «Եթե հասարակությունը լինի երկփեղկած կամ տիրի անվստահության մթնոլորտ, ոչ միայն ընտրությունների նախապատրաստական փուլում կլինեն դժվարություններ, այլեւ հետընտրական ժամանաշրջանը, որն ավելի կարեւոր է, կարող է բերել լուրջ խնդիրներ»,-ասաց ՀՀԿ խմբակցության անդամը: