Ա. Ղազարյան. «Գյուղական համայնքը պետք է կարողանա իր առանձնահատուկ ապրանքը կամ ծառայությունն ընտրել ու զարգացնել այն»
3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ծաղկաձորում կայացած Գյուղական համայնքների առաջին համաժողովի քննարկումների արդյունքում առաջին հերթին ձեւավորվեց «Մեկ գյուղ, մեկ ապրանք» գաղափարը, որի շնորհիվ գյուղական համայնքները կկարողանան ավելի մրցունակ լինել եւ ունենալ բրենդային արտադրանք, որը կմրցակցի ներքին եւ արտաքին շուկայում: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում, համաժողովի արդյունքներն ամփոփելիս, ասաց Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը:
«Կարեւորվեց ՓՄՁ ԶԱԿ-ի համագործակցությունը համայնքների հետ' թե' լրատվության, եւ թե' նյութական ռեսուրսների առումով: Քննարկվեց նաեւ ֆերմերային տնտեսությունների կոոպերատիվների ստեղծման հարցը»,-ասաց Ա. Ղազարյանը: Ըստ նրա' պարզ է, որ գյուղում ամեն ինչ չէ, որ հնարավոր է արտադրել' ելնելով կլիմայական առանձնահատկություններից եւ այլն:
«Գյուղական համայնքը պետք է կարողանա իր առանձնահատուկ ապրանքի կամ ծառայության տեսակն ընտրել եւ զարգացնել այն: Սա է զարգացման ճանապարհներից մեկը, որի միջոցով հնարավոր կլինի ապահովել որոշակի զբաղվածություն գյուղերում, քանի որ այստեղ աշխատատեղեր ստեղծելու խնդիրն առաջնային է»,- պարզաբանեց Արդյունաբերողների եւ գործարարների միության նախագահը:
Ի պատասխան այն հարցին, թե ինչ դժվարություններ կամ խոչընդոտներ կարող են ծագել այդ գործընթացների իրականացման ժամանակ, Ա. Ղազարյանը նշեց, որ խոչընդոտների մեծ մասն ամենայն հավանականությամբ հոգեբանական բնույթի կլինեն, քանի որ գյուղացին ստիպված կլինի մենատնտեսությունից վերադառնալ կոլեկտիվ աշխատանքի:
«Գյուղացիները պետք է միավորվեն' մեծացնելով իրենց հողաբաժինները, ռեսուրսները, որպեսզի կարողանան բանկային համակարգի հետ համարձակ կերպով աշխատել, արտադրական գիտելիքներ ձեռք բերել, նաեւ վերամշակող խոշոր ձեռնարկությունների հետ վստահ պայմանագրային հարաբերություններ ձեւավորել»,- հավելեց Ա. Ղազարյանը' ընդգծելով, որ այստեղ համապատասխան պետական մարմինները, հասարակական կառույցները նույնպես անելիքներ ունեն: Նրա համոզմամբ' համատեղ աշխատանքի շնորհիվ կատարված արդյունքները 2-3 տարի հետո շոշափելի կլինեն: