Օ. Սիմոնս. «Հայ-թուրքական արձանագրությունների հարցում փոփոխություններ կլինեն մինչեւ 2015 թվականը»
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ-թուրքական սահմանի բացման խնդիրը որեւէ լուծում կստանա մինչեւ 2015 թվականը: Երեւանում այսօր մեկնարկած «Մեծ սահմանի միջով. տարածաշրջանային զարգացման հեռանկարները փակ սահմաններից այն կողմ» խորագրով կլոր սեղան-քննարկման ժամանակ նման կարծիք հայտնեց Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության առաջին խորհրդական Օննո Սիմոնսը' հավելելով, որ հայ-թուրքական սահմանի բացումը տարածաշրջանային կարեւորություն ունի, ու դա իր լուծումը կգտնի մինչեւ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը:
Միաժամանակ Հայաստանում ԵՄ պատվիրակության ներկայացուցիչը կարեւորեց խորհրդարանական ու նախագահական ընտրությունները, որոնք կայանալու են երկու պետություններում մինչեւ վերջնաժամկետ ներկայացված 2015 թվականը:
«Հասկանում ենք, որ Հայ-թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացը գտնվում է սառեցված վիճակում, սակայն հավատացած եմ, որ երկու կողմերն էլ' Հայաստանն ու Թուրքիան, հասկանում են, թե ինչ հսկայական փոփոխությունների կարող են հանգեցնել դրանց վավերացմանն ուղղված ջանքերը ու ինչ հսկայական նշանակություն կարող են ունենալ հետագայի համար»,- կարեւորեց Օ. Սիմոնսը: