Հ. Սահակյան. «Երկխոսությունը միանշանակ ողջունելի է անգամ ներկա իրավիճակում»
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քաղաքական երկխոսությունը միակ քաղաքակիրթ ճանապարհն է, որը երկու հակադիր բեւեռներում գտնվող գործիչներին կամ հասարակությանը, որոնց մեջ կա որոշակի ջրբաժան ու որն առաջացել է տարբեր իրադարձությունների արդյունքում, պետք է շարունակվի, որպեսզի կրճատի այդ ջրբաժանը: Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության անդամ Հովհաննես Սահակյանը, երկխոսության ընթացքում է, որ կողմերը, հակադիր կարծիքներ ունենալով, կարողանում են գտնել ոսկե միջինը: Հ. Սահակյանը նշեց, որ երկխոսությունը միանշանակ ողջունելի է նաեւ ներկա իրավիճակում, այսինքն' այն պարագայում, երբ դրա շարունակության նախադրյալներ կարծես թե չեն նկատվում:
Հ. Սահակյանը նշեց, որ երկխոսության արդյունքում կշահեն բոլորը, հասարակությունն ընդհանրապես: «Հանրապետությունում կարող է հաստատվել այն վստահության մթնոլորտը, որի պարագայում երկիրը կկարողանա 2012-ին իրականացնել հերթական համապետական ընտրությունը, որը շրջադարձային նշանակություն կունենա»,- ասաց պատգամավորը' նշելով, թե թյուր է կարծիքը, որ իշխանություններն ու ՀԱԿ-ը միմյանց հետ խոսում են վերջնագրերի լեզվով: Հ. Սահակյանի խոսքով' դրանք վերջնագրեր չեն. երկխոսության ընթացքում խոսվում է այն հարցերի շուրջ, որոնց հետ կապված խնդիրներ, չհասկացված տողատակեր կան: