Ըստ Տ. Դավթյանի՝ տարեվերջին գրեթե բոլոր ոլորտներում կարձանագրվի երկնիշ տնտեսական աճ
3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս տարեվերջին գրեթե բոլոր ոլորտներում կարձանագրվի երկնիշ տնտեսական աճ, որը լուրջ հիմք է հանդիսանալու տնտեսության զարգացման եւ բյուջետային եկամուտների հավաքագրման գործում: Այս ամենը հնարավորություն կտա կառավարությանը՝ վստահորեն մուտք գործել 2012 թվական: Այս մասին այսօր ՀՀ կառավարության նիստին հաջորդած մամլո ասուլիսում նշեց Հայաստանի էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը: Ըստ նրա՝ ներկայում արդյունաբերության ոլորտում արձանագրվել է 12 տոկոսանոց տնտեսական աճ: Ակնկալվում է, որ տարեվերջին եւս կլինեն նման արդյունքներ: «Նույնը վերաբերում է գյուղատնտեսությանը, ծառայությունների ոլորտին: Արտահանման ծավալների աճը կազմում է մոտ 30 տոկոս, որն ավելի բարձր է, քան երկրի ընդհանուր տնտեսության աճը: Լուրջ առաջընթաց ունենք նաեւ օտարերկրյա ներդրումների հարցում, այդ հոսքերը 20 տոկոսով ավելին են նախորդ տարվա համեմատ: Կարծում եմ' բացառությամբ շինարարության ոլորտի, որտեղ ընդհանուր անկումը դեռեւս չի հաղթահարվել, մյուս բոլոր ոլորտներում կունենանք երկնիշ տնտեսական աճ»,- ասաց էկոնոմիկայի նախարարը:
Ըստ նրա՝ ակնհայտ է նաեւ, որ գնաճի տեմպերը եւս նվազում են: «Համոզված ենք, որ մինչ տարեվերջ կհասնենք այն ցուցանիշին, որը նախատեսված է պետական բյուջեով ու մակրոտնտեսական կանխատեսումներով: Այս տարվա սկզբին առկա աշխատավարձի աճի եւ գնաճի միջեւ տարբերությունը կտրուկ նվազել է, եւ մինչ տարեվերջ կփորձենք հասնել աշխատավարձերի աճի եւ գնաճի տեմպերի միջեւ համամասնության լավագույն մակարդակին: Վերջին ամիսների դրական միտումները՝ մակրոտնտեսական ցուցանիշները, համախառն ներքին արդյունքի աճը, գնաճի տեմպերի նվազումը տնտեսության զարգացման լավատեսական հիմքեր են տալիս: Եթե կարողանանք այս տեմպերն ապահովել, իսկ այդպիսի համոզմունք կա, կարծում եմ' լուրջ զարգացում կունենանք»,- ընդգծեց նախարարը:
Նրա խոսքով՝ իրենք ամենօրյա ռեժիմով բավականին ուշադիր հետեւում են համաշխարհային տնտեսության գլոբալ զարգացումներին: «Այսօր առավոտյան արդեն իսկ դրական տեղաշարժեր են նկատվում համաշխարհային տնտեսության մեջ: Հույս ունենք, որ համաշխարհային զարգացումները կունենան դրական միտումներ: Հնարավորին չափ պետք է պատրաստ լինենք ցանկացած զարգացման: Այս առումով, արդեն բավականին փորձ ենք կուտակել եւ գիտենք, թե ինչ իրավիճակում ինչպիսի գործողություններ պետք է իրականացնենք»,- նշել է Տիգրան Դավթյանը: