Ա. Իսկանդարյան. «Սարկոզին ասելիք ունի թե’ Հայաստանում, թե’ հարեւան երկրներում»
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Նիկոլա Սարկոզիի այցը Հայաստան ծրագրված էր: Այն ֆորսմաժորային չէ»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: Նրա խոսքով' Ն. Սարկոզիի այդ այցը տարածաշրջան բնական է. նա ասելիքներ ունի թե' Հայաստանում, թե' հարեւան Վրաստանում եւ Ադրբեջանում:
«Սարկոզին մարդ է, ով մասնակցություն է ունեցել ռուս-վրացական պատերազմի ժամանակ երկու պետությունների հարաբերությունների կարգավորման հարցում»,- ասաց Ա. Իսկանդարյանը' անդրադառնալով Սարկոզիի' Վրաստան կատարելիք այցին: Իսկ Ադրբեջանը էներգետիկ նշանակություն ունի Ֆրանսիայի համար, բացի այդ, ինչպես նկատեց քաղաքագետը, այցելել Հայաստան եւ Վրաստան, շրջանցելով Ադրբեջանը, անհնար կլիներ:
Ն. Սարկոզին համեմատաբար երկար ժամանակ կլինի Հայաստանում: «Եվրոպական մյուս երկրներին չթերագնահատելով հանդերձ' պետք է նշել, որ Հայաստանն ու Ֆրանսիան ամենից լավ հարաբերությունների մեջ են»,- նշեց քաղաքագետը' հավելելով, որ Ֆրանսիան Մինսկի խմբի անդամ է, ավելին' միակ «եվրոպական» անդամը: Ֆրանսիան երկիր է' տնտեսապես ներկայացված Հայաստանում. մեր երկրում գործում են ֆրանսիական կազմակերպություններ, բացի այդ, երկու երկրների միջեւ կան դարավոր մշակութային կապեր:
«Հայաստանում Ֆրանսիայի նկատմամբ դրական վերաբերմունք կա, նույնը' Ֆրանսիայում Հայաստանի հանդեպ, ընդ որում' այդ վերաբերմունքն առկա է ոչ միայն իշխող օղակներում, այլեւ հասարակ ժողովրդի շրջանում»,- ասաց բանախոսը: