Ըստ Ա. Զաքարյանի` «վրանային քաղաքականություն»-ը բերելու է «զրոյական արդյունավետության»
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ ազգային կոնգրեսի քաղաքականությունը նախապայմանների հիմքի վրա է ձեւավորվում, որն անընդունելու է իշխող կոալիցիայի համար: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ազգային ժողովի պատգամավոր, ՀՀԿ խորհրդի անդամ Արտակ Զաքարյանը' հավելելով, որ կոալիցիան յուրաքանչյուր րոպե պատրաստ է գնալ երկխոսության յուրաքանչյուր ընդդիմադիր կառույցի հետ, սակայն «եթե երկխոսողը թույլ է տալիս իրեն ապակառուցողական գործելաոճ, ապա սեղանի շուրջ նստելը անիմաստ է դառնում»:
«Աշխատանքային խումբն արել է իր հայտարարությունը եւ հաստատել այն, որ կոալիցիան կբանակցի միայն այն դեպքում, եթե ՀԱԿ-ը դադարեցնի իր հանրահավաքների շարքը: Եթե բանակցող կողմը չի ցանկանում ընդառաջ գալ ու միաժամանակ նոր նախապայմաններ է առաջ քաշում, ապա դա արդեն իրենց մարտավարությունն է, որը բերելու է «զրոյական արդյունավետության»«,- նշեց Ա. Զաքարյանը' հավելելով, որ «վրանային քաղաքականություն»-ն առանց հստակ քայլերի արդյունքի չի հանգեցնի:
«Ոչ ոք չի կարող հաստատել, որ ՀԱԿ-ը միակ ընդդիմադիր կառույցն է: Կան նաեւ այլ արտախորհրդարանական ուժեր, որոնք նույնպես կարող են ներկայացնել ժողովրդի տեսակետը: Ըստ իս' ՀԱԿ-ը պարզապես «ընդդիմություն» է բեմադրում, որի նպատակն է համալրել շարքերը»,- ընդգծեց ՀՀԿ խորհրդի անդամը: