Հարցազրույց

Ն.Հովհաննիսյան. «Մեր կարեւորագույն առաքելությունը կրթության որակի բարձրացումն է»

5 րոպեի ընթերցում

Ն.Հովհաննիսյան. «Մեր կարեւորագույն առաքելությունը կրթության որակի բարձրացումն է»

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոկտեմբերի 5-ն Ուսուցչի տոնն է: Ոլորտում առկա խնդիրների, ձեռքբերումների ու զարգացումների մասին «Արմենպրես»-ը զրուցեց Կրթության եւ գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանի հետ:

-Տիկին Հովհաննիսյան, ամեն տարի Ուսուցչի տոնը նշվել է հոկտեմբերի 7-ին: Ինչո՞ւ որոշվեց այս տարի այն նշել հոկտեմբերի 5-ին:

- Տարիներ շարունակ տոնը նշվել է հոկտեմբերի առաջին շաբաթվա կիրակի օրը, եւ, կարծես, այն մի փոքր անուշադրության էր մատնված: Տոնն ամրագրված չի եղել օրենքով, որը խնդիր էր: Որոշվեց ընդգրկել «Տոների եւ հիշատակությունների մասին» ՀՀ օրենքում եւ պետականորեն նշել որպես հարգանք, երախտիք ուսուցչի աշխատանքի: Այս տարի առաջին անգամն է, որ պետական տոների շարքում նշված է Ուսուցչի տոնը: Սա օրենքով ամրագրված միակ մասնագիտական տոնն է:

- Ի՞նչ միջոցառումներ են նախատեսվում տոնի կապակցությամբ:

-Վաղն Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա հանդիսավոր երեկույթ: Նախորդ տարիների համերգային ծրագրի շրջանակը փոքր էր, եւ չէինք կարողանում ընդգրկել բոլոր ուսուցիչներին: Այս տարի հնարավորություններն ավելի մեծ են: Լավագույնների անունները կնչեն ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի կողմից:

-Ինչքանո՞վ եք տեղյակ` դպրոցներում Ուսուցչի տոնին դրամահավաքություն կատարվու՞մ է, թե՞ ոչ, եւ ինչպե՞ս եք կարողանում վերահսկել այդ գործընթացը:

- Առանձին շրջաբերականներ են ուղարկվել մարզերի եւ մայրաքաղաքի դպրոցներ, որտեղ ասվում է` դրամահավաքությունն արգելվում է: Ոչ մի ուսուցիչ եւ տնօրեն չեն կարող նախարարի հանձարարականը չկատարել: Սակայն ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ դրանց հեղինակը ծնողներն են եւ շատ անգամ ընդվզում են մեր դեմ` ասելով, որ Ուսուցչի տոնին իրենց հարգանքը փորձում են արտահայտել նման ձեւով:Ծնողների նախաձեռնությունը պետք է կանխվի ուսուցիչների ու տնօրենների կողմից:

-Դպրոցներում առկա խնդիրներից որո՞նք կառանձնացնեք, որոնք դեռեւս լուծված չեն:

- Այսօր ունենք մի շարք դպրոցներ, որոնք չունեն ջեռուցում, վերանորոգված չեն: Բացի այդ, ավագ դպրոցների ֆինանսավորման հետ կապված խնդիրներ ունենք, քանի որ դրանք բավականին թանկ դպրոցներ են: Ունենք լավագույն կադրերի պակաս, եւ փորձում ենք այդ բացը լրացնել վերապատրաստումների միջոցով:Ատեստավորման միջոցով նույնպես կկարողանանք գտնել լավագույն մանկավարժներին եւ նրանց խրախուսել:Եւ այս ամենը կօգնեն, որ կատարենք մեր կարեւորագույն առաքելությունը` բարձրացնել կրթության որակը:

-Նշեցիք, որ լավագույն կադրերի խնդիր ունեք, ինչպե՞ս է այդ հարցը կարգավորվում մարզերի դպրոցներում:

- Մենք ունենք մրցույթի կարգ, որին կարողանում են շատ ուսուցիչներ մասնակցել: Մրցութային հանձնաժողովը կարողանում է ընտրել ամենալավին:

- Իսկ մարզերի ուսուցիչների գիտելիքները համազո՞ր են մայրաքաղաքի դպրոցների մակարդակին:

-Մենք մարզերում շատ լավ ուսուցիչներ եւ տնօրեններ ունենք: Դրա վառ ապացույցն այն է, որ «Լավագույն տնօրեն» եւ «Լավագույն ուսուցիչ» անվանակարգերում հաղթող են ճանաչվել մարզերից ներկայացված մասնագետները:

-Խոսենք աշխատավարձից: Ուսուցչի ստացած աշխատավարձը, ըստ Ձեզ, բավարա՞ր է նորմալ կենսակերպ վարելու համար:

-Ուսուցիչների աշխատավարձը բարձր է: Ամեն տարի աճ է գրանցվել այդ առումով:Եթե ուսուցիչն ապահովված է դասաժամով, այսինքն` աշխատում է մեկ դրույքով, կարող է ստանալ շուրջ 120-130 000 դրամ:Այդ հարցը հնարավորինս կարգավորված է եւ հետագա տարիներին եւս ուշադրության կենտրոնում կլինի:

-Իսկ ի՞նչ կասեք նոր կրթական համակարգի ներմուծման արդյունավետության մասին, այն արդեն զգալի՞ է:

- Ավագ դպրոցների ներմուծման ծրագիրը դեռեւս նոր է ավարտվում եւ դժվար է խոսել արդյունքների մասին: Միայն կարող եմ ասել, որ երեխաները նորմալ հաճախում են դպրոց, եւ կանխվում են բացակայությունները:

- Ծրագրի ներմուծումը նպաստե՞ց մասնավոր պարապմունքների նվազմանը:

-Կարող ենք փաստել, որ, այո՛, նվազել է մասնավոր պարապմունքների այցելող երեխաների թիվը:Առաջիկա տարիներին շատ ցայտուն կերեւա, որ երեխան, դպրոցը ավարտելով, առանց պարապելու, կարող է ընդունվել բուհ:

Հարցազրույց՝ Անահիտ Առաքելյանի

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում