Կարծիքներ

Ա. Լուկաշեւիչ. «ՄԽ-ն շարունակում է մնալ շատ կարեւոր եւ արդյունավետ մեխանիզմ ԼՂ բանակցային գործընթացի համար»

5 րոպեի ընթերցում

Ա. Լուկաշեւիչ. «ՄԽ-ն շարունակում է մնալ շատ կարեւոր եւ արդյունավետ մեխանիզմ ԼՂ բանակցային գործընթացի համար»

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ինչպես երեւում է, Դուք այդքան շատ չեք լինում մեր ճեպազրույցներին, որտեղ Լեռնային Ղարաբաղի թեմատիկային հաճախ ենք անդրադառնում: Ես խորը էքսկուրս չեմ կատարի, քանի որ այս հարցի առնչությամբ մենք բավականին հստակորեն արտահայտվել ենք, այդ թվում' եւ ՌԴ նախագահը, ով անմիջականորեն զբաղվում է Երեւանի եւ Բաքվի միջեւ երկխոսության հաստատմամբ»,- այսօր Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունում կայացած ճեպազրույցի ընթացքում նման կերպ արձագանքեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշեւիչն ադրբեջանցի լրագրողի հարցին: Հարցի բովանդակությունը հետեւյալն էր' ինչո՞ւ Ռուսաստանը եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ այլ պետությունները, որոնք միաժամանակ նաեւ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի անդամներ են, չեն նպաստում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ՄԱԿ-ի ԱԽ-ի ընդունած 4 բանաձեւերին: Դրան ի պատասխան' Ա.Լուկաշեւիչը տեղեկացրեց, որ եռանախագահներն ամբողջ Մինսկի խումբը չեն, այլ Ռուսաստանը, Ֆրանսիան եւ ԱՄՆ նախագահող եռյակն են, իսկ Մինսկի խումբը մի քիչ ավելի լայն է: «Սա որպես տեխնիկական մանրամասն»,- ասաց նա:

«Ես Ձեր կոլեգաներին արդեն զգուշացրել եմ, որ ԱԳՆ-ի ճեպազրույցների ժամանակ պետք է ավելի կոռեկտ լեզու գործածել եւ չփորձել օգտագործել նվաստացուցիչ հռետորաբանություն, պահպանել զգացմունքների եւ բանակցություններում առկա քաղաքական գծի հավասարակշռությունը, չնայած մենք լիովին հասկանում ենք ձեր զգացմունքային հայտարարությունները»,- նկատեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը' հավելելով, որ լրագրողի վկայակոչած ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձեւերը խորհրդատվական բնույթ են կրում: «Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմամբ զբավում է ոչ թե ՄԱԿ-ը, այլ ԵԱՀԿ-ն' ի դեմս իր Մինսկի խմբի եւ նրա համանախագահների»,- շեշտեց Ա. Լուկաշեւիչը:

Նա եւս մեկ անգամ վերահաստատեց, որ ՄԽ-ն շարունակում է մնալ շատ կարեւոր եւ արդյունավետ մեխանիզմ ԼՂ բանակցային գործընթաց համար: «Վերջերս հավելյալ խորհրդակցություններ են եղել ե'ւ տարածաշրջանում, ե'ւ ԵԱՀԿ կենտրոնակայանում: Դրանց արդյունքների մասին խոսել ենք նախորդ ճեպազրույցի ժամանակ: Ես Ձեզ խորհուրդ կտամ դիտարկել նախորդ ճեպազրույցը, որպեսզի հիշողության մեջ վերականգնեք այն»,- դիմեց Ա.Լուկաշեւիչը ադրբեջանցի լրագրողին:

Անդրադառնալով տարածաշրջանում Ռուսաստանի դերին' նա նշեց, որ այն շատ ակտիվ եւ արդյունավետ է, ինչի մասին, ի դեպ, նշում են եւ' համանախագահները, եւ' կողմերը: «Նախագահն անձամբ մասնակցել է բանակցությունների մի շարք փուլերին, եւ նրա հովանավորությամբ էլ ստեղծվել է հակամարտության կարգավորման Հիմնարար սկզբունքների տեքստը, որն էլ հիմա ավարտին է հասցվում եւ կազմում է բանակցային գործընթացի հիմքը»,- նշեց Ա.Լուկաշեւիչը:

Նրա խոսքով' բանակցություններում ամեն ինչ հարթ եւ հեշտ չի ընթանում' հաշվի առնելով, որ հակամարտող կողմերն ունեն շատ տարբեր մոտեցումներ: Այնուամենայնիվ, Կազանում կայացած վերջին հանդիպումը ցույց տվեց, որ կարգավորման հեռանկարները լիովին հասանելի են' կողմերի քաղաքական կամքի առկայության պարագայում: «Կարգավորման արդյունքը Երեւանի եւ Բաքվի միջեւ փոխզիջումն է»,- շեշտեց Ա.Լուկաշեւիչը:

«Մենք' որպես համանախագահներ եւ ՄԱԿ-ի ԱԽ մշտական անդամներ, լիովին աջակցել եւ աջակցելու ենք երկխոսությանը, որոնք լինելու են երկարաժամկետ եւ կկազմեն այս ձգձգված հակամարտության լուծման հիմքը: Ես այսքանով կսահմանափակվեմ, քանի որ հրապարակային հայտարարությւոններ այս հարցի շուրջ արել են եւ' նախագահը, եւ' ԱԳ նախարարը»,- հավելեց նա:

Ա.Լուկաշեւիչի խոսքով' բանակցությունները միշտ շատ բարդ են, եւ հնարավոր չէ հույս ունենալ հեշտ եւ արագ լուծումների: «Եվս մեկ անգամ կրկնում եմ, որ Ռուսաստանը եւ ՄԽ մեր գործընկերները ձեռնարկում են եւ ձեռնարկելու են բոլոր անհրաժեշտ միջոցները, որպեսզի մոտեցնեն կողմերի համաձայնության պահը: Բնականաբար, Ռուսաստանը ավելի, քան ՄԽ կազմի մեջ մտնող այլ պետությունները, հետաքրքրված է, որ տարածաշրջանում վերականգնվի կայունությունը, ապահովվի անվտանգությունը, եւ որպեսզի ավելի շատ խոսենք համագործակցության ձեւերի մասին, այլ ոչ թե հռետորաբանությամբ զբաղվենք եւ շատ լուրջ հայտարարություններ անենք տարածաշրջանային անվտանգության վերաբերյալ»,- խոսքը եզրափակեց Ա. Լուկաշեւիչը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում