Հ. Թահմազյանը պատրաստվում է իր հրաժեշտի հանդիպումն անցկացնել հաջորդ տարի
3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրիի «Շիրակ»-ի փորձառու պաշտպան Հովհաննես Թահմազյանը, ով մի քանի օր առաջ ավարտել է ֆուտբոլիստի իր պրոֆեսիոնալ կարիերան եւ անցել մարզչական աշխատանքի, ակումբի պաշտոնական կայքի հետ զրույցում խոսել է իր անցած ճանապարհի եւ հետագա ծրագրերի վերաբերյալ: Ի դեպ, Հովհաննես Թահմազյանը Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունում ամենաշատ խաղեր անցկացրած ֆուտբոլիստն է:
Նրա խոսքով՝ թիմում տարբեր ժամանակներում շատ փոփոխություններ են եղել: «Սկսած 1992-ից մինչեւ 2003թ. մենք միշտ էլ պայքարել ենք մրցանակային տեղերի համար: Մեր վերջին լուրջ նվաճումը եղել է 2003թ., երբ Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունում գրավեցինք 3-րդ հորիզոնականը, ինչպես նաեւ նվաճեցինք Հայաստանի սուպերգավաթը: 2004- 2010թթ. թիմը գտնվում էր ճգնաժամի մեջ: Լավագույն խաղացողները հեռանում էին թիմից եւ հանդես էին գալիս այլ ակումբներում: Թիմում հանդես էին գալիս երիտասարդ, անփորձ խաղացողներ: Իրավիճակը լիովին փոխվեց, երբ 2010թ. օգոստոսին գործարար Արման Սահակյանը ձեռք բերեց ակումբը, թիմը կրկին վերածնվեց»,- հիշեցրել է Թահմազյանը:
Ըստ նրա՝ առաջնությունում անհաջող հանդես գալու պատճառը սերնդափոխություն է, որը կատարվել է թիմում:»Թիմում հայտնվել են մի շարք երիտասարդ խաղացողներ, որոնք կամաց-կամաց փորձ են ձեռք բերում եւ արդեն իսկ սկսել են անհամեմատ ավելի լավ հանդես գալ: Խնդիրներից մեկը նաեւ այն է, որ այս երիտասարդները երբեք հաղթանակներ չեն ունեցել եւ չունեն հաղթողի հոգեբանություն: Այժմ, մենք փորձում ենք փոխել նրանց հոգեբանությունը եւ, կարծես թե, ստացվում է»,- նշել է Թահմազյանը:
Նրա կարծիքով՝ «Շիրակ»-ին խանգարում է նաեւ այն, որ թիմը հանդես չի գալիս իր սեփական մարզադաշտում, քանի որ այնտեղ վերակառուցման աշխատանքներ են իրականացվում: «Երբ մենք հաջորդ տարվանից սկսենք հանդես գալ Գյումրիում, սեփական հարկի տակ, մեր երկրպագուների աջակցության ներքո, ապա հակառակորդներին շատ բարդ կլինի հաղթանակներ տոնել մեր հետ հանդիպումներում: Եվ դրա համար հաջորդ տարի մենք պայքարելու ենք առաջնությունում մրցանակային տեղերի համար»,- ընդգծել է փորձառու ֆուտբոլիստը:
Հ. Թահմազյանն իր հրաժեշտի հանդիպումը նախատեսում է անցկացնել հաջորդ մրցաշրջանի սկզբին, երբ պատրաստ լինի մարզադաշտը, քանի որ նա ցանկանում է այդ հանդիպումն անցկացնել գյումրեցիների աջակցությամբ: