Բաքվում այսօր մեկնարկում է բռնցքամարտի աշխարհի առաջնությունը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում այսօր մեկնարկում է բռնցքամարտի աշխարհի առաջնությունը, որտեղ Հայաստանը կներկայացնեն 8 բռնցքամարտիկներ: Մեր ընտրանուց առաջինը մրցասպարեզ դուրս կգա 56 կգ քաշային կարգում ելույթ ունեցող Հովհաննես Բաչկովը, ով 1/32-րդ եզրափակչում կմրցի Մոնղոլիան ներկայացնող Օտգոնդալա Դորջնամբուի հետ: Հայ բռնցքամարտիկները հիմնականում պայքարը կսկսեն 1/32-րդ եզրափակչից: Միայն 49 կգ քաշային Հովհաննես Դանիելյանը ասպարեզ դուրս կգա 1/16-րդ եզրափակչից:

60 կգ քաշային Վլադիմիր Սարուխանյանը հոկտեմբերի 1-ին 1/32-րդ եզրափակչում մեկնարկային մենամարտը կանցկացնի ամերիկացի Խոսե Ռամիրեսի հետ: 64 կգ քաշային Հրաչիկ Ջավախյանի մենամարտը տեղի կունենա սեպտեմբերի 30-ին գերմանացի Դավիդ Մյուլլերի հետ:

69 կգ քաշային Սամվել Մաթեւոսյանը կմենամարտի մոնղոլ Տուվշիբաթ Մյանբայի հետ սեպտեմբերի 29-ին: 75 կգ քաշային կարգում Անդրանիկ Հակոբյանն աշխարհի առաջնությունը կսկսի հոկտեմբերի 1-ին, նրա մրցակիցը դեռ հայտնի չէ:

81 կգ քաշային Արթուր Քոչարյանը սեպտեմբերի 28-ին 1/32-րդ եզրափակչի մենամարտում կմրցի իրանցի Էհսան Ռուզբահանիի հետ:

Ռուսաստանի հավաքականի կազմում հանդես են գալիս Դավիթ Հայրապետյանն ու Միշա Ալոյանը, որոնք հաղթողի գլխավոր հավականորդներից են: Նրանց պատճառով առաջնության կազմակերպիչներն անվտանգության նկատառումներով ստիպված էին Ռուսաստանի հավաքականին եւս առանձնացնել մյուս թիմերից եւ Հայաստանի հավաքականի հետ ընդունել առանձին մարզաբազայում:

Աշխարհի առաջնությունը 2012թ. Լոնդոնի Օլիմպիական խաղերի ընտրական մրցաշար է: Ուղեգիր կստանան առաջին ութ տեղերը գրաված բռնցքամարտիկները:

Հայերեն Русский