Ֆ. Վիզինե. «Հայաստանի հասարակությունը պատրաստ է պայքարել կոռուպցիայի դեմ»
2 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունն ավարտում է Հայաստանում իրականացվող իր քառամյա Հակակոռուպցիոն գործողության մոբիլիզացման ծրագիրը: Ինչպես լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսօր նշեց ծրագրի ղեկավար Ֆրանսուա Վիզինեն, իրենց ծրագիրը լուրջ հիմքեր դրեց կառավարության եւ ՀԿ-ների' գալիք հազարամյակում գործողություններ իրականացնելու համար: «Այն, որ Շահերի պաշտպանության եւ աջակցության կենտրոնները համաձայնագրեր ստորագրեցին քաղաքապետարանների, մարզպետարանների եւ այլ պետական կառույցների հետ, խոսում է այն մասին, որ հասարակությունը պատրաստ է պայքարել կոռուպցիայի դեմ: Այս պահի դրությամբ հասարակությունն ավելի լավ պատկերացում ունի կոռուպցիայի մասին, հասկանում է, որ այն վատ է, եւ չի կարելի այն հանդուրժել»,- ասաց Ֆ. Վիզինեն:
ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության ժողովրդավարության հարցերով գրասենյակի ղեկավար Սթիվեն Բրեյգերը տեղեկացրեց, որ ծրագրի իրականացման համար հատկացվել է 10 մլն դոլար: «ՇՊԱԿ-երի ստեղծումն այն ամենամեծ ժառանգությունն է, որը թողնում է ծրագիրը»,– ասաց նա' միաժամանակ տեղեկացնելով, որ ԱՄՆ ՄԶԳ-ն որոշել է շարունակել աջակցությունը, եւ Երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի միջոցով ՇՊԱԿ-երին ՀՀ 10 մարզերում մեկ տարվա ընթացքում կտրամադրվի մոտ 600 հազար դոլար դրամաշնորհ: «Չկա մի ոլորտ, որը կարող ենք ասել, թե ամենակոռումպացվածն է, բայց կարող ենք փաստել, որ ստացված բողոքների մեծ մասը վերաբերում է սեփականության իրավունքին»,- նշեց Ս. Բրեյգերը' հավելելով, որ գոհ են կատարված աշխատանքից, բայց հակակոռուպցիոն ոլորտում աշխատելը հիասթափություն կարող է առաջացնել, քանի որ բախվում են շատ շահեր: