Կարծիքներ

Կ.Պրունարիու. «Արեւելյան գործընկերությունն ավելի մեծ հնարավորություններ է ստեղծում Հարավային Կովկասում կայունության ապահովման համար»

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ես արդեն չորս տարի է' աշխատում եմ Հայաստանում, եւ երկրի առաջընթացն ինձ համար ակնհայտ է»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման դիտարկմամբ հանդես եկավ ՀՀ-ում Ռումինիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեպան Կրինա Պրունարիուն:

Շնորհավորելով հայ ժողովրդին ՀՀ անկախության 20-ամյակի կապակցությամբ' դեսպանը ցանկություն հայտնեց, որ Հայաստանը շարունակի իր անկախության ճանապարհը եւ բարեհաջող անցնի բոլոր փորձությունների միջով:

Համեմատականներ անցկացնելով Հայաստանի եւ Ռումինիայի անկախության ձեռքբերումից ի վեր տեղի ունեցած զարգացման միջեւ' Կ.Պրունարիուն նշեց, որ երկու երկրներում էլ ժողովրդավարության զարգացման համար դեռ շատ բան կա անելու: «Ռումինիան իր ժողովրդավարական զարգացման մեջ փորձում էր հասնել եվրոպական երկրներին, եւ այսօր մեզ մոտ էլ ժողովրդավարությունը դեռ չի գործում այնպես, ինչպես կցանկանայինք: Իդեալները մեկ բան է, իրականությունը' մեկ այլ բան»,- նշեց դեսպան:

Նրա դիտարկմամբ' Հայաստանում բավականին մեծ առաջընթաց է արձանագրել քաղաքացիական հասարակությունը, որը եւս կնպաստի ժողովրդավարության ամրապնդմանը: «Արեւելյան գործընկերության գլխավորն նպատակներից մեկն էլ հենց քաղաքացիական հասարակության զարգացումն է»,- ասաց Կ.Պրունարիուն' շեշտելով, որ Արեւելյան գործընկերության նախաձեռնությունն ավելի մեծ հնարավորություններ է ստեղծում Հարավային Կովկասում կայունության ապահովման համար: «Եվրոպական միությունն այստեղ ցանկանում է տեսնել երկրներ, որոնց մոտ են եվրոպական արժեքները եւ որոնք գնում են քաղաքական երկխոսության ոչ միայն իրենց երկրների ներսում, այլեւ միմյանց հետ»,- ասաց դեսպանը' շեշտելով, որ այդ երկխոսությունն էլ հետագայում կբերի տնտեսական եւ սոցիալական կայուն զարգացման:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում