Ա. Ռուստամյան. «Ուրուգվայի կողմից ԼՂՀ ճանաչումը նոր շունչ կհաղորդի գործընթացին»
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուրուգվայի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչումը նոր շունչ կհաղորդի գործընթացին: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՀ Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը,
ԼՂՀ-ի միջազգային ճանաչումը կարող է նոր թափ ստանալ, եթե առնվազն մի երկիր ճանաչի: Դրանից հետո մյուս երկրները կարող են հետեւել այդ օրինակին:
«Շատ կարեւոր է, որ առնվազն մեկ երկիր ճանաչի, դա միանշանակ իր հետ փոփոխություններ կբերի: Դրա հետ են կապված այն աշխատանքները, որ Հայ դատի գրասենյակները իրականացրել են»,-ասաց Ա. Ռուստամյանը: Ըստ նրա' պետական մակարդակով նույնպես պետք է ակտիվացնել ջանքերը, որ այս գործընթացը ամրապնդվի, եւ Ուրուգվայը լինի առաջին ծիծեռնակը: Ա. Ռուստամյանը վստահություն հայտնեց, որ դա ինքնին արդեն շատ լուրջ փոփոխություն կմտցնի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի մեջ:
Հիշեցնենք, որ Ուրուգվայի արտգործնախարար Լուիս Ալմագրոն հանդես էր եկել աննախադեպ հայտարարությամբ, որում մասնավորապես ասված էր. «Այսօր մենք ուսումնասիրում ենք հարցը' պետականորեն տեսակետ հայտնելու համար, սակայն ես անձամբ համոզված եմ, որ Լեռնային Ղարաբաղը Հայաստանի պատմական մաս է կազմում եւ պետք է լինի անկախ կամ կարճ ժամանակում կցվի Հայաստանին: Սա է Արցախյան խնդրի միակ լուծումը»: