Ն. Զոհրաբյան. «Հասարակությանը մեկ խնդիր է հուզում` որ առաջիկա ընտրությունները լինեն ազատ, արդար եւ թափանցիկ»
4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեւանում այսօր անցկացվեց քննարկում' նվիրված կուսակցությունների կողմից հաճախ ներկայացվող երկըտրանքին' ընտրությունները պետք է լինեն մեծամասնակա՞ն, թե՞ համամասնական հիմքի վրա: Քննարկումը կազմակերպել էր Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնը ԱՄՆ Միջազգային հարաբերությունների ազգային ժողովրդավարության ինստիտուտի հետ համատեղ:
Ինչպես նշեց Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի ավագ փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը, մեծամասնական-համամասական երկընտրանքի լուծումը Հայաստանում ընթանում է դինամիկ տեմպերով' հօգուտ համամասնակի տեսակարար կշռի ավելացման, այդուհանդերձ ԱԺ-ում մեծամասնական ընտրակագրով ընտրված պատգամավորները նշանակալի տեղ են զբաղեցնում: Նրա խոսքով' մեծամասնականի օգտին բերվող փաստարկները կարծես խորհրդային մտածելակերպի ժառանգություն լինեն:
ՀՀ Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության անդամ Հովհաննես Սահակյանը նախ նշեց, որ ընտրությունները բացարձակ համամասնական, թե մեծամասնական ընտրակագով անցկացնելու վերաբերյալ քննարկումը ներկա փուլում ժամանակավրեպ է: Նա նկատեց, որ արդեն Ազգային ժողովը Ընտրական օրենսգրքում փոփոխությունների վերաբերյալ քննարկումներ անցկացրել է, եւ այն ընդունվել է: Ըստ նրա' խորհրդարանական ընտրություններից 6 ամիս առաջ նման քննարկումներ կազմակերպելը տեղին չէ:
Դրանից բացի, Հ. Սահակյանն ընդգծեց, որ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը չի ասել, որ կտրականապես դեմ է 100 տոկոսով համամասնական ընտրակարգի առկայությանը: «Մենք նշել ենք, որ պարզապես ոչ նպատակահարմար ժամանակ է 100 տոկոսով անցում կատարելու համամասնական ընտրակարգին: Դա ունենալու համար, մենք պետք է ձեւավորենք մի միջավայր, որտեղ քաղաքական ուժերի դերակատարումը քաղաքական կյանքում լինի կատարյալ»,-ասաց Հ. Սահակյանը:
ԲՀԿ խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը նույնպես նշեց, որ այս քննարկումը ժամանակավրեպ է: Նա ասաց, որ Ազգային ժողովն ընդունել է Ընտրական օրենսգիրը, եւ ընտրություններից մի քանի ամիս առաջ հնարավոր չէ փոփոխություններ կատարել:
«Ես համամիտ չեմ այն դիտարկամանը, թե Հայաստանում բուռն քննարկումներ են տեղի ունենում այն մասին' ընտրություններն անցկացնել համամասնական, թե մեծամասնական ընտրակարգով: Ես նման քննարկումների մասին տեղյակ չեմ: Իմ գնահատմամբ, հասարակությանը մեկ խնդիր է հուզում' որ առաջիկա ընտրությունները լինեն ազատ, արդար եւ թափանցիկ»,-ասաց Ն. Զոհրաբյանը:
Ինչ վերաբերում է ընտրությունները համամասնականով, թե մեծամասնականով անցկացնելու հարցին, ապա Ն. Զոհրաբյանը նշեց, որ ԲՀԿ-ն որպես հեռահար նպատակ ամրագրել է համամասնական ընտրակարգը: Կուսակցությունը կարծում է, որ որքան զարգանան քաղաքական կուսակցությունները, դրանք բյուրեղանան, այնքան վերջնական հանգրվանը լինելու է 100 տոկոսանով համամասնական ընտրակարգի առկայությունը:
«Մենք հասկանում ենք, որ մենք գործ ունենք առկա իրողությունների հետ, եւ այսօր 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգը կարող է լինել ոչ արդարացված»,-ասաց Ն. Զոհրաբյանը:
Անդրադառնալով այն դիտարկմանը, թե մեծամասնական համակարգը կարծես խորհրդային ժամանակաշրջանից մնացուկ լինի' Ն. Զոհրաբյանը նշեց, որ կան շատ երկրներ, մասնավորապես' Մեծ Բիրտանիան, Ճապոնիան, ԱՄՆ, որտեղ գործում է մեծամասնական համակարգը: