Ս.Գրիգորյանը ԼՂ խնդրի կարգավորման գործընթացում առաջիկայում փոփոխություններ չի կանխատեսում
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում մոտակա ամիսներին փոփոխություններ սպասել պետք չէ, գործընթացում մասնակից բոլոր երկրներում ընտրություններ են սպասվում: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության կենտրոնի նախագահ, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը:
Նրա խոսքով' անկախությունը մեզ տվեց Լեռնային Ղարաբաղը պաշտպանելու հնարավորություն, չնայած, որ գլոբալ իմաստով խնդիրը դեռ լուծված չէ:
«Մենք պետք է պարբերաբար ցույց տանք մեր ռազմական ուժը, քանի որ մեր աշխարհագրական դիրքն է պատճառը»,- անդրադառնալով երեկ կայացած զորահանդեսին' նշեց քաղաքագետը' հավելելով, որ եթե մենք գտնվեինք Ավստրիայի եւ Շվեյցարիայի միջեւ, զրահատեխնիկայի նման ցուցադրության կարիք չէր լինի:
«Թո'ղ Ադրբեջանը տեսնի, թե մենք ինչ ունենք եւ հաշվի առնի իր հետագա կորուստները, եթե պատերազմ լինի»,- նշեց Ս.Գրիգորյանը: