Կ.Աճեմյան. «Ժողովրդի ազգային նպատակների իրականացումը Հայաստան-Արցախ-Սփյուռք միասնության մեջ է»
1 րոպեի ընթերցում

ԵՐԵւԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մենք ձեռք ենք բերել ազատ, անկախ ապրելու իրավունք, եւ մեր ժողովուրդը պետք է արժանիորեն գնահատի այն»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանը: «10 տարեկան Հայաստանը մի երկիր է, 20-ը' այլ: Հույս ունեմ, որ 30 տարեկանում շատ ու շատ դժվարություններ հաղթահարած կլինենք, եւ մեր երեխաներն ավելի մեծ հպարտությամբ կկրեն Հայաստանի Հանրապետության քաղաքացու կոչումը»,-նշեց նա' հավելելով, որ ժողովրդի ազգային նպատակների իրականացումը Հայաստան-Արցախ-Սփյուռք միասնության մեջ է:
Համեմատելով Անդրկովկասի մյուս պետությունների հետ' Կարինե Աճեմյանը նշեց, որ եւ՛ ժողովրդավարության, եւ՛ մամուլի ազատության առումով Հայաստանն առաջատար երկիր է: Սակայն պետության գերխնդիրը ԼՂՀ ճանաչման հարցն է: Նա հույս հայտնեց, որ 10 տարի անց այդ խնդիրն իր լուծումը ստացած կլինի, եւ Հայաստանի քաղաքացիները կապրեն պինդ ու կայուն երկրում: