Կարծիքներ

Ա. Սիմոնյան. «ՀՀ անկախության գաղտնիքը հայ ժողովրդի մշտական որոնման, ստեղծագործելու եւ արարելու մեջ է»

2 րոպեի ընթերցում

Ա. Սիմոնյան. «ՀՀ անկախության գաղտնիքը հայ ժողովրդի մշտական որոնման, ստեղծագործելու եւ արարելու մեջ է»

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի անկախության գաղտնիքը հայ ժողովրդի մշտական որոնման, ստեղծագործելու եւ արարելու մեջ է: Այսօր Երեւանի պետական համալսարանի գիտական խորհրդի նիստերի դահլիճում ՀՀ անկախության 20-ամյակին նվիրված հոբելյանական գիտաժողովի բացմանը նման համոզմունք հայտնեց բուհի ռեկտոր Արամ Սիմոնյանը' հավելելով, որ համալսարանի ներդրումն այս նվաճման հարցում մեծ է:

Ըստ նրա' անկախության հասնելն ավելի հեշտ է, քան պահպանելն ու զարգացնելը: «Մենք ստեղծել ենք անկախ պետություն, բայց պետականությունը ձեւավորման գործընթացի մեջ է: Բազմաթիվ խնդիրներ դեռ լուծման կարիք ունեն: Քաղաքացիական հասարակության կայացման գործը յուրաքանչյուրիս ուսերին է»,- նշեց Ա.. Սիմոնյանը:

Անդրադառնալով Հայաստան-Սփյուռք միասնությանը' ԵՊՀ ռեկտորը նշեց, որ մենք հզոր ենք ոչ միայն Հայաստանով, այլ նաեւ աշխարհով մեկ սփռված մեր հայրենակիցներով: Ըստ նրա' անկախությունը պետք է պահել եւ ձգտել կորցրած տարածքների վերականգնմանն ու արդարությանը: «Երկրի տերը քաղաքացիներն են, պետք է աշխատել հանուն վաղվա օրվա: Անկախությունն ամենամեծ տոնն է, պետք է արժանավայել դիմավորել այն»,- ասաց նա:

Ա. Սիմոնյանի խոսքով' ԵՊՀ-ն անմասն չի մնացել 20-ամյակին նվիրված միջոցառումներից. կազմակերպվել են գիտաժողովներ, գիտական միջոցառումներ, ավանդական ծառատունկ' Արցախում, համալսարանականները մասնակցել են միջազգային գիտաժողովների:

ՀՀ անկախության 20-ամյակին նվիրված հոբելյանական գիտաժողովը կազմակերպվել է Երեւանի պետական համալսարանի եւ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտի կողմից:

Գիտաժողովին ներկա էին Հայաստանի Հանրապետության անկախության կայացման գործում ներդրում ունեցող քաղաքական ու հասարակական գործիչներ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում