Հ. Բաբուխանյան. «ՀԱԿ-ը գաղափարական ճգնաժամ է ապրում»
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հայ ազգային կոնգրեսի վերջին հանրահավաքը ցույց տվեց, որ որպես քաղաքական ուժ' այն սպառվել է: Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Սահմանադրական իրավունքի միության նախագահ Հայկ Բաբուխանյանը, ՀԱԿ-ը նույնիսկ չի կարողանում կողմնորոշվել' ի վերջո ընդդիմության որ թեւին է պատկանում' արմատական, թե ոչ:
«Սպառվել է այդ միավորումը. գաղափարներ եւ առաջնորդներ չկան: Վերջին հանրահավաքն այնքան նոսր էր, որ դա արդեն լուրջ ահազանգ է ՀԱԿ-ի համար»,- նշեց ՍԻՄ նախագահը:
Ըստ Հայկ Բաբուխանյանի՝ ՀԱԿ-ն ու Լեւոն Տեր-Պետրոսյանը նախեւառաջ պետք է պատասխանեին այն մեղադրանքներին, որոնք ի հայտ էին եկել «WikiLeaks» սկանդալային կայքի հրապարակված փաստաթղթերում: «Չգիտես ինչու, դա անպատասխան մնաց, ինչը Լեւոն Տեր-Պետրոսյանին թույլ չի տալիս ունենալ այն վարկանիշը, որն ուներ 2008 թվականին»,-ասաց նա:
Հայկ Բաբուխանյանի համոզմամբ՝ ՀԱԿ-ը նաեւ խորը գաղափարական ճգնաժամ է ապրում, իսկ «անընդհատ պտտեցվող' արտահերթ ընտրությունների մասին սկավառակը» հերթական ընտրությունների մոտենալուն զուգահեռ, ավելի ու ավելի ծիծաղելի է դառնում: