Կարծիքներ

Վ. Այվազյան. «Նախապայմանների լեզվով խոսելը ճիշտ չէ»

2 րոպեի ընթերցում

Վ. Այվազյան. «Նախապայմանների լեզվով խոսելը ճիշտ չէ»

ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայ ազգային կոնգրեսն ավելի անկեղծ պետք է գտնվեր եւ ասեր, որ միայն իշխանության է ձգտում' ժողովրդի շահերը հաշվի չառնելով» ,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ «Հանրապետական» խմբակցության անդամ Վարդան Այվազյանը:

Նրա կարծիքով' ՀԱԿ-ն անտեղի քաղաքականացնում է երկրում տեղի ունեցող ցանկացած գործընթաց: Ինչ վերաբերում է ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանի խափանման միջոցի անփոփոխ մնալուն, ապա ըստ Վ. Այվազյանի' դա զուտ իրավական հարթության վրա գտնվող խնդիր է, եւ այստեղ ոչ մի քաղաքական ենթատեքստ չկա:

«Ճիշտ չէ նախապայմանների լեզվով խոսելը, իշխանությանն առաջիկա հանրահավաքներով վախեցնելը, քանի որ իրականում ՀԱԿ-ն է առկախել երկխոսության գործընթացը, ոչ թե իշխանությունը»,- նշեց ՀՀԿ պատգամավորը:

Իր հերթին Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը կարծիք հայտնեց, որ երկխոսության առկախումը կապված չէ միայն ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանի խափանման միջոցի անփոփոխ մնալու հետ. կան նաեւ այլ' խորքային պատճառներ:

«Իշխանության համար երկխոսությունը նոր քաղաքական մշակույթ էր, նոր ձեւաչափ երկրի առջեւ ծառացած խնդիրները լուծելու ճանապարհին» - հավելեց Վ. Այվազյանը:

Պատասխանելով այն հարցին, թե ինչի հետ է կապված ՀԱԿ-ի հանրահավաքների ժամանակ մասնակիցների թվի նվազումը' Լ.Սարգսյանն ասաց, որ օգոստոսին այն պայմանավորված էր շոգ եղանակով եւ երկրից շատերի բացակայությամբ, մինչդեռ սեպտեմբերի 9-ի հանրահավաքի սակավամարդությունը նա ոչնչով չկարողացավ հակափաստարկել:

Լ. Սարգսյանի խոսքով' ՀԱԿ-ի գլխավոր նպատակն արտահերթ ընտրությունների կազմակերպումն է, ինչին ի պատասխան' Վ. Այվազյանը նշեց, որ դա հերթական անգամ վկայում է ՀԱԿ-ի' իշխանությունն իր ձեռքը վերցնելու մեծ ցանկության, եւ ոչ երկրում երկու քաղաքական ուժերի կողմից խաղաղ ճանապարհով բարեփոխումներ իրականացնելու մասին:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում