Կարծիքներ

Տ.Թորոսյան. «Տրամաբանական աբսուրդ կա նրանում, որ ԼՂ-ն չի մասնակցում բանակցություններին»

2 րոպեի ընթերցում

Տ.Թորոսյան. «Տրամաբանական աբսուրդ կա նրանում, որ ԼՂ-ն չի մասնակցում բանակցություններին»

ԵՐԵՎԱՆ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առ այսօր ոչ ոք չի հիմնավորել Կոսովոյի հիմնախնդրի բացառիկությունը: Այսօր Երեւանում մեկնարկած «Նոր մոտեցումներ ԼՂՀ հիմնախնդրին» գիտաժողովի ընթացքում այս մասին նշեց քաղաքական գիտությունների դոկտոր, ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Տիգրան Թորոսյանը' անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի եւ Կոսովոյի հակամարտությունների նմանություններին: Նրա խոսքով' այս հակամարտություններն առաջին հայացքից թվում են «անլուծելի», սակայն, ըստ էության' դրանց լուծման համար հիմնականում առկա է երկու լուծման տարբերակ: Առաջին տարբերակը քաղաքացիական հասարակությունների ակտիվ ներգրավումն է հակամարտության կարգավորմանը, իսկ երկրորդը միջնորդ երկրների կողմից լուրջ ճնշումների կրիրառումն է:

«Կոսովոյի դեպքում տեղի ունեցավ երկրորդը, ինչն անհնարին է Լեռնային Ղարաբաղի պարագայում, սակայն ակնհայտ է, որ այստեղ գործում էր աշխարհաքաղաքական ուժերի այլ դասավորվածությունը»,- նշեց Տ.Թորոսյանը' հավելելով, որ դա զուտ քաղաքական հարց է, իսկ իրավական առումով այս խնդիրները խիստ նման են: ՄԱԿ-ի Արդարադատության դատարանը վերջ դրեց իրավական երկատվածությանը, եւ, ըստ Տ.Թորոսյանի, վերջնականապես ապացուցեց, որ ազգերի ինքնորոշման իրավունքի եւ տարածքային ամբողջականության սկզբունքների միջեւ հակասություն իրականում չկա: Առաջինը վերաբերում է մի պետության տարածքից բնակչության մի որեւէ խմբի անջատմանը, այսինքն' պետություն-ժողովուրդ հարաբերություն, իսկ երկրորդը' երկու պետությունների հարաբերություններին: Առաջին պարագայում հիմնական քննարկման առարկա պետք է լինի ինքնորոշվող տարածքի կարգավիճակի հարցը, եւ այն չպետք է ծանրաբեռնվի սակարկման ենթակա այլ թեմաներով: «Հենց այստեղ է, որ առաջ է գալիս հաջորդ խնդիրը. Լեռնային Ղարաբաղն է հակամարտության կողմ, եւ հենց նա էլ պետք է մասնակցի բանակցություններին»,- նշեց Տ.Թորոսյանը' ընդգծելով, որ Լեռնային Ղարաբաղի' բանակցություններին չմասնակցելը տրամաբանական աբսուրդ է:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում