Կարծիքներ

Ըստ Ռ. Մելքոնյանի` Իսրայելի կողմից կատարվելիք բոլոր քայլերը շահավետ են Թուրքիայի համար

3 րոպեի ընթերցում

Ըստ Ռ. Մելքոնյանի` Իսրայելի կողմից կատարվելիք բոլոր քայլերը շահավետ են Թուրքիայի համար

ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Թուրքիայի կողմից ռազմական պայմանագրերի սառեցումը, դիվանագիտական ներկայացվածության նվազեցումը' ընդհուպ մինչեւ դեսպանի երկրորդ քարտուղարի, ինչպես նաեւ Իսրայելի դեսպանի «persona non grata» ճանաչումը վճռական քայլեր են' ուղղված Իսրայելի դեմ: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսօր նման կարծիք հայտնեց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը' հավելելով, որ այդպիսի արտաքին քաղաքական լրջագույն քայլեր Թուրքիան կատարում է միայն այն դեպքում, երբ խորապես համոզված է լինում դրանց շահավետության մեջ:

«Քաղաքական երկու պահանջներ հիմք դարձան, որպեսզի վերջնականապես խաթարվեն թուրք-իսրայելական հարաբերությունները: Դրանցից մեկը Թուրքիայից նախորդ տարվա «Մարի Մարմարա»-ի գործով դեպքերի ժամանակ գրանցված սպանությունների համար ներողություն խնդրելու պահանջն էր, մյուսը' Գազայի շրջանի անհապաղ ապաշրջափակումն Իսրայելի կողմից»,-ասաց թուրքագետը' ընդգծելով, որ նման պահանջներ ներկայացնում է մի պետություն, որը հարյուր տարի է' չի ցանկանում ներողություն խնդրել 1,5 միլիոն անմեղ մարդկանց սպանության համար ու պետություն, որն արդեն քսան տարի է անօրինական շրջափակման մեջ է պահում Հայաստանը:

«Քաղաքական շահի առումով ներկա դրությամբ Թուրքիայի հիմքերը շատ ամուր են, քանի որ Իսրայելի ներողություն խնդրելու դեպքում էլ Թուրքիան կատարյալ հաղթանակ է տանում, իսկ առանց դրա' մնում է պետություն, որը Մերձավոր Արեւելքում' արաբական աշխարհի առաջ, բացահայտ ձեռնոց է նետում Իսրայելին: Մահմեդական աշխարհի մեծամասնության համար Իսրայելը մնում է հիմնական թշնամին, իսկ Թուրքիան' որպես «այդ չարիքի» դեմ պայքարող առաջամարտիկ»,-կարծիք հայտնեց Ռ. Մելքոնյանը' նշելով, որ տարիներ առաջ քաղաքական վերլուծաբան Ահմեդ Դավութօղլուի մշակած քաղաքականությունը' մեծացնելու Թուրքիայի ազդեցությունը Մերձավոր Արեւելքում եւ արաբական աշխարհում, օրեցօր կյանքի է կոչվում:

Խոսելով մահմեդական աշխարհում Թուրքիայի վարչապետ Էրդողանի վարկանիշի մասին' Ռ. Մելքոնյանն ընդգծեց, որ սեփական հանդիպումների ընթացքում է համոզվել, որ արաբները հիանում ու պաշտում են Էրդողանին: «Կարելի է հաստատապես պնդել, որ քարոզչության տեսանկյունից Էրդողանի ու նրա վարչակազմի հաջողությունները նշանակալի են»,- շեշտեց թուրքագետը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում