Կարծիքներ

Ա. Իսկանդարյան. «Ադրբեջանը կհամաձայնի ստորագրել միայն այնպիսի փաստաթուղթ, որում ոչինչ չի գրված»

3 րոպեի ընթերցում

Ա. Իսկանդարյան. «Ադրբեջանը կհամաձայնի ստորագրել միայն այնպիսի փաստաթուղթ, որում ոչինչ չի գրված»

ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի ճանաչման գործընթացում կարգավորում' այն իմաստով, որ Ադրբեջանն ընդունի ստեղծված իրականությունը' Լեռնային Ղարաբաղի անկախությունը, ես չեմ տեսնում: Նման կարծիք այսօր լրագրողների հետ հանդիպմանն արտահայտեց «Կովկասյան ինստիտուտ»-ի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը' նշելով' ինքը չի տեսնում հավանականություն, որ Ադրբեջանը զիջումների, կոմպրոմիսների գնա:

«Նման անհրաժեշտություն չկա, քանի որ Ադրբեջանն իրեն այսպես էլ է լավ զգում: Ու թեեւ տվյալ պահին նման հավանականություն չկա, դա չի նշանակում, որ երբեւէ չի լինի»,- ասաց Ա. Իսկանդարյանը' նշելով, որ ինքը չի կարող կանխագուշակումներ անել 20-30 տարվա համար, բայց կարող է քաղաքական հեռանկարներից խոսել: Ապագայում, ըստ քաղաքագետի, իրավիճակում ինչ-որ փոփոխություններ կլինեն, ինֆորմացիոն առիթներ, մի շարք հանդիպումներ, որոնց ընթացքում մեծ քայլեր կարվեն եւ այս իրադրությունը կշարունակվի բավական երկար:

Քաղաքագետը խոսեց Ղարաբաղյան խնդիրը եւ խնդրի միջազգային կարգավորման գործընթացները տարբերակելու անհրաժեշտության մասին: Նրա խոսքով' Ադրբեջանը ասում է. «ես համաձայն եմ գնալ զիջումների» եւ առաջարկում է վերականգնել 1988 թ. փետրվարի 20-ից առաջ եղած դրությունը, հայերն ասում են, որ իրենք համաձայն են կոմպրոմիսի, եւ այդպես անվանում են կամ անկախությունը' միջանցքով, կամ միացումը Հայաստանին, եթե այդպես որոշի Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը: Երկու տարբերակներն էլ կողմերից մյուսի համար ընդունելի չեն:

Այն, ինչ գոյություն ունի բանակցային գործընթացում, ըստ քաղաքագետի, ստատուս-քվոյի պահպանումն է, որի առջեւ երկու իրական խնդիր է դրված: Դրանցից առաջինը հաղորդակցական կապի պահպանումն է բանակցող կողմերի միջեւ. համաշխարհային փորձը ցույց է տալիս' կոնֆլիկտները, որոնց դեպքում այդ կապը կա, զարգանում են ավելի վատ, քան նրանք, որոնցում կապը չկա, ուստի այդ նպատակով նախագահները հանդիպում են ժամանակ առ ժամանակ: Երկրորդ խնդիրն այն է, որ գործընթացը «ազգայնացված» չլինի. նրանում ընդգրկված լինեն ոչ միայն հայեր ու ադրբեջանցիներ, այլեւ ֆրանսիացիներ, անգլիացիներ եւ այլք, ինչպես եւ կատարվում է:

Ըստ Ա. Իսկանդարյանի' թեեւ շատ գրվեց, որ Կազանում հաջողություններ են արձանագրվելու, սակայն ոչինչ էլ չկատարվեց եւ չէր էլ կարող կատարվել, քանի որ կողմերի դիրքորոշումները բավականաչափ տարբեր են, հետեւաբար գործընթացը կշարունակվի' այս դեպքում Ռուսաստանի ազդեցության նկատելի մեծացմամբ: Քաղաքագետը նկատեց, որ առավելագույնը, ինչի հույսեր կարող են ունենալ համանախագահները, որեւէ փաստաթղթի ստորագրումն է, որում ոչ բացահայտ շարադրված կլինեն Մադրիդյան սկզբունքները: «Դժվար է պատկերացնել, որ Ադրբեջանը այդ քայլին կգնա:Ադրբեջանը կհամաձայնի ստորագրել միայն այնպիսի փաստաթուղթ, որում ոչինչ չի գրված»,-նշեց բանախոսը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում