Կարծիքներ

Կ. Բեքարյան. «Առաջիկայում կարող է ի հայտ գալ ԼՂ խնդրի լուծման նոր փաթեթ»

2 րոպեի ընթերցում

Կ. Բեքարյան. «Առաջիկայում կարող է ի հայտ գալ ԼՂ խնդրի լուծման նոր փաթեթ»

ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առաջիկայում կարող է ի հայտ գալ Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծման նոր փաթեթ, որում Ստեփանակերտ-Բաքու բանակցությունները կլինեն ամենակարեւորը: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կանխատեսմամբ հանդես եկավ «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ նախագահ, քաղաքագետ Կարեն Բեքարյանը' հավելելով, որ Ստեփանակերտ-Բաքու երկխոսությունը բանակցությունների տրամաբանական շարունակությունն է:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի անկախության հռչակման 20-ամյակին' քաղաքագետը շեշտեց, որ ներկայում երկրորդ հայկական պետության զարգացման համար խիստ կարեւոր են մի քանի հանգամանքներ, որոնց թվում են բանակցային գործընթացը, ԼՂ պետականաշինությունը, միջազգային միջավայրը, ՀՀ-ԼՂՀ համագործակցությունը:

Վերլուծելով բանակցային գործընթացի նախորդ փուլերը' քաղաքագետը մասնավորապես կարեւորեց «Ընդհանուր պետության» փաթեթը' ընդգծելով, որ այն մերժելով եւ հայտարարելով, որ պատրաստ է լայն ինքնավարություն տրամադրել Լեռնային Ղարաբաղին, Ադրբեջանը ցույց տվեց իր ստախոսությունը:

Խոսելով պետականաշինության խնդիրների մասին' Կ.Բեքարյանը նշեց, որ այն շատ ավելի բարձր մակարդակի վրա է ԼՂՀ-ում, քան ՄԱԿ-ի կողմից ճանաչված շատ պետություններում:

«Միջազգային միջավայրի մեջ նույնպես կան փոփոխություններ»,- ասաց քաղաքագետը' ի նկատի ունենալով մի շարք պետությունների անկախացումը, ինչն ապացուցեց, որ աշխարհում ինքնորոշման իրավունքի ընկալման առումով կան փոփոխություններ: Ինչ վերաբերում է ՀՀ-ԼՂ փոխգործակցության հարցին, քաղաքագետը նշեց, որ այստեղ բավական հստակ է Հայաստանի դիրքորոշումը, որը նախագահի կողմից հայտարարվեց' Հայաստանը կճանաչի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, եթե Ադրբեջանը պատերազմ սկսի:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում