Դ. Բաբայան. «Անկախության 20 տարիները կոտորածից փրկեցին արցախահայերին»
3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 1991թ. սեպտեմբերի 2-ին Ստեփանակերտում տեղի ունեցած ժողովրդական պատգամավորների Լեռնային Ղարաբաղի մարզային եւ Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ նստաշրջանը ընդունել է հռչակագիր «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման մասին»: Այս տարվա սեպտեմբերի երկուսը հագեցած է լինելու տոնական միջոցառումներով, քանի որ ամենից կարեւոր տոնն է նշվում. այդ օրը լրանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման 20-րդ տարեդարձը: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը, սեպտեմբերի երկուսին լինելու է մեծ տոնահամերգ, զինվորական շքերթ` թեեւ ոչ մեծ մասշտաբի. զինվորականները շարասյուներով շրջելու են քաղաքով, քաղաքում տիրելու է տոնական տրամադրություն: Այդ օրը ԼՂՀ բարձրագույն ղեկավարությունը` նախագահ Բակո Սահակյանի գլխավորությամբ, կայցելի Ստեփանակերտի հուշահամալիր եւ ծաղկեպսակ կդնի: Տոնական միջոցառումները, սակայն, չեն սահմանափակվում միայն սեպտեմբերի 2-ով: ԼՂՀ անկախության 20-ամյակի շրջանակներում արդեն տեղի է ունեցել դպրոցի եւ եկեղեցու բացում, ինչպես նաեւ շահագործման են հանձնվել գյուղապետարան, մակարոնեղենի արտադրամաս եւ այլ կառույցներ: Տոնական միջոցառումները շարունակվելու են նաեւ հաջորդ օրը: Դ. Բաբայանի խոսքով` անկախության 20 տարիները կոտորածից փրկեցին արցախահայերին. եթե չլիներ անկախ պետականության ստեղծումը, Արցախը դատապարտված էր կործանման: «Եթե կործանվեր Արցախը, ապա շղթան կշարունակվեր` ընդգրկելով նաեւ Հայաստանի Հանրապետությունը: 1988 թ. սկսած այդ համազգային զարթոնքը, ազգային ազատագրական շարժումը դարձավ հայոց անկախ պետականության սկիզբ, իհարկե, նրա տրամաբանական շարունակությունը եղավ 1991 թ. սեպտեմբերի 2-ը եւ ԼՂՀ հռչակումը»,-ասաց Դ. Բաբայանը: Վերջինիս խոսքով` 20 տարիների ամենակարեւոր ձեռքբերումն այն է, որ Արցախի ժողովուրդը ֆիզիկապես փրկվեց, կարողացան պաշտպանել հայրենի պետությունը, ստեղծվեցին անհրաժեշտ բոլոր պետական կառույցները, Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունն ամրապնդեցին, այսօր Արցախն ունի մարտունակ պաշտպանության բանակ եւ զարգանում է տնտեսապես: «Իհարկե, պետք է նշել, որ այս ամենը ոչ միայն արցախահայերի, այլեւ համայն հայության ջանքերի շնորհիվ է կյանք ստացել»,-նկատեց Դ. Բաբայանը: