Կ. Իլյումժինով. «Հայ շախմատիստների հաղթանակները միջազգային բարձրակարգ մրցաշարերում կդառնան օրինաչափություն»
2 րոպեի ընթերցում

ՄՈՍԿՎԱ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատը' որպես պարտադիր առարկա, հանրակրթական դպրոցի ծրագիր մտցնելը քննարկվում է շատ երկրներում, բայց իրական գործերով իրենց հետաքրքրվածությունը հաստատել են եզակիները, եւ Հայաստանն այս հարցում դրոշակակիրներից է: Այս մասին «Արմենպրես»-ի' Մոսկվայի թղթակցի հետ զրույցում նշել է Շախմատի միջազգային ֆեդերացիայի նախագահ Կիրսան Իլյումժինովը' հավելելով, որ ՖԻԴԵ-ն ներկայում Հայաստանի հետ քննարկում է շախմատի միջազգային դպրոց եւ ակադեմիա բացելու հարցեր, համատեղ ուժերով շախմատային խոշորագույն միջոցառումներ կազմակերպելու հետ կապված այլ ծրագրեր եւս կան:
Անդրադառնալով Նինբոյում անցկացված շախմատի աշխարհի թիմային առաջնությունում Հայաստանի հավաքականի տոնած հաղթանակին' Կ. Իլյումժինովը բարձր է գնահատել ՀՀ եւ Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանի դերը թիմի' չեմպիոն դառնալու ճանապարհին: «Երկու անգամ անընդմեջ Հայաստանը դարձավ օլիմպիական չեմպիոն, եւ Սերժ Սարգսյանն անձամբ եկավ Թուրին ու Դրեզդեն եւ վճռական խաղերում Հայաստանի հավաքականի շախմատիստների կողքին էր»,- նշել է նա: Կ. Իլյումժինովի համոզմամբ' առաջիկա տարիներին օրինաչափություն կդառնան հայ շախմատիստների հաղթանակները միջազգային բարձրակարգ մրցաշարերում: