Քաղաքականություն

Ս. Սարգսյանը Ծաղկաձորում հանդիպեց երիտասարդ գիտնականների հետ

3 րոպեի ընթերցում

Ս. Սարգսյանը Ծաղկաձորում հանդիպեց երիտասարդ գիտնականների հետ

ԾԱՂԿԱՁՈՐ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելեց Ծաղկաձորի երիտասարդական կենտրոն` ծանոթանալու շենքի բարեկարգման անհրաժեշտության խնդրին: Տեղեկանալով, որ այդ կենտրոնում ՙՊահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում՚ նախաձեռնության շրջանակներում հավաքվել են երիտասարդ գիտնականներ` քննարկելու գիտության ֆինանսավորման ավելացման վերաբերյալ հարցեր, ոլորտի խնդիրները, կարեւորեց գիտնականների հետ հանդիպումն ու կլոր սեղանի շուրջ քննարկումը: Ս. Սարգսյանը երիտասարդներին տեղեկացրեց, որ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վիգեն Սարգսյանին արդեն հանձնարարվել է առաջիկայում հանդիպում կազմակերպել գիտնականների հետ` ոլորտի խնդիրները լսելու եւ դրանց համապատասխան լուծում առաջարկելու համար:

Նախաձեռնության անդամ Խաչիկ Գեւորգյանը, ներկայացնելով խմբի նպատակները, ընդգծեց, որ իրենք ցանկանում են` պետական բյուջեից գիտության ֆինանսավորմանը հատկացվող գումարի չափը կազմի գոնե 3 տոկոս, որի շուրջ արդեն համաձայնության են եկել ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն եւ ՙԺառանգություն՚-ը:

Հանրապետության նախագահի խոսքով` բյուջետային գործընթացները շատ վաղուց են սկսվել, եւ միջնաժամկետ ծրագրերը 2012 թ. համար հաստատվել են դեռեւս անցյալ տարի: Ս. Սարգսյանը կոչ արեց նախաձեռնող խմբին ճիշտ եղանակներ եւ ճանապարհներ ընտրել խնդիրը լուծելու համար, հասկանալ` այսօր բյուջեից քանի տոկոսն է հատկացվում գիտությանը, եւ արդյոք այն արդյունավետ է կառավարվում: ՙՄիանգամից ասում եք` եկեք բարձրացնենք գումարները, միգուցե փորձեք մտնել այդ միջոցների կառավարման խնդիրների մեջ: Հիմա կենցաղային մոտեցում եք ցուցաբերում ու մտածում` ինչքան շատ լինի ֆինանսավորումը, այնքան լավ կլինի: Բայց դա ճիշտ մոտեցում չէ՚,- ասաց նախագահը` ընդգծելով, որ բոլորն են շահագրգռված ֆինանսավորման բարձրացման հարցում: Նախագահն առաջարկեց հարցերը համախմբել եւ առաջիկա հանդիպման ժամանակ դրանց շուրջ խոսել:

ՙՅուրաքանչյուրին թվում է` ինքն ուրիշի գործը շատ ավելի լավ կարող է անել: Ցավոք, դա համարյա թե դառնում է ազգային բնավորության գիծ: Կարծում եմ` ճիշտ կլինի մինչեւ մեր հանդիպումը դուք` որպես երիտասարդ, շահագրգռված գիտնականներ, միայն ակադեմիական համակարգի համար տեսնեք` անհրաժեշտություն կա արդյոք այդքան հաստատությունների, եւ արդյոք դրանք ամբողջովին են աշխատում, թե միայն թղթի վրա են գրանցված: Դրանից հետո կսկսենք խոսել գումարների ավելացումից՚,- ասաց Ս. Սարգսյանը` խոստանալով գտնել մարդկանց, ովքեր երիտասարդ գիտնականների համար ֆոնդ կստեղծեն, իսկ եթե գիտնականներն այդ ֆոնդը լավ կառավարեն, այդ ժամանակ ե’ւ ֆոնդը կավելացվի, ե’ւ կառավարման շրջանակները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում