Կարծիքներ

Ն. Զոհրաբյան. «Կետ առ կետ անդրադարձ է կատարվել ՀԱԿ-ի` արտահերթ ընտրություններ անցկացնելու հիմնավորումներին»

2 րոպեի ընթերցում

Ն. Զոհրաբյան. «Կետ առ կետ անդրադարձ է կատարվել ՀԱԿ-ի` արտահերթ ընտրություններ անցկացնելու հիմնավորումներին»

ԵՐԵՎԱՆ, 25 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վաղը կայանալիք իշխանություն-ընդդիմություն երկխոսության հերթական փուլում կոալիցիոն ուժերը կավարտեն իրենց ներկայացրած հիմնավորումները' Հայ ազգային կոնգրեսի' արտահերթ ընտրություններ անցկացնելու վերաբերյալ փաստարկներին ի պատասխան: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց կոալիցիոն աշխատանքային խմբի անդամ, Ազգային Ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: Ըստ նրա' իրենց ներկայացրած փաստաթղթում կետ առ կետ անդրադարձ է կատարվել արտահերթ ընտրություններ անցկացնելու ՀԱԿ-ի ներկայացրած հիմնավորումներին, որոնք վաղը կներկայացվեն նաեւ հանրությանը:

«Դժվար է այժմ կանխատեսումներ անել, թե ինչպիսի զարգացումներ կունենան այս քննարկումները, սակայն վստահ եմ, որ երկու կողմերում առկա է պատրասատակամություն, ցանկություն' շարունակելու կարեւորագույն խնդիրները երկխոսության եւ ոչ թե հակասությունների ճանապարհով լուծելու: Իհարկե, դժվար է այդ գործընթացը, բազմաթիվ հարցերի շուրջ կան իրար հակասող մոտեցումներ, տեսակետներ եւ գնահատականներ: Դա բնական է, բայց մենք եթե կարողանանք երկրում ստեղծել եւ պահպանել այսպիսի մշակույթ, ապա դա կլինի մեր ամենամեծ ձեռքբերումներից մեկը, որպեսզի այլեւս երբեւէ մեր երկրում բացառվեն խնդիրները հակամարտությունների ճանապարհով լուծելու ճանապարհները»,- ասաց Ն. Զոհրաբյանը:

Նրա խոսքով' երկխոսությունն ինքնին բացառում է ցանկացած նախապայման, վերջնաժամկետ եւ վերջնագրի տեսքով հայտարարություն: ԱԺ պատգամավորը հույս ունի, որ ՀԱԿ-ի իրենց գործընկները ձեռնպահ կմնան նման կարգի հայտարարություններից, «քանի որ ներկայում ընթանում է շատ կարեւոր գործընթաց»: «Այսօր կարեւոր չէ, թե ով է իշխանություն, ով ընդդիմություն, կարեւոր է, որ մեզ հաջողվի ստեղծել այն հարթակը, որի շրջանակներում էլ կլուծվեն հակասությունները, խնդիրները, որպեսզի այլեւս մեր երկրում հասարակությունը երբեւէ չբաժանվի թշնամական ճամբարների եւ երբեւէ չունենանք միմյանց հանդեպ ատելությամբ լցված քաղաքական ճամբարներ»,- ընդգծեց Ն. Զոհրաբյանը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում