Կարծիքներ

Ռ. Սաֆրաստյան. «Թուրքիան ցույց տվեց, որ ցանկություն չունի կարգավորելու հայ-թուրքական հարաբերությունները»

2 րոպեի ընթերցում

Ռ. Սաֆրաստյան. «Թուրքիան ցույց տվեց, որ ցանկություն չունի կարգավորելու հայ-թուրքական հարաբերությունները»

ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի իշխանությունների՝ խորհրդարանի օրակարգից հայ-թուրքական արձանագրությունների վավերացման հարցը հանելը ցույց է տալիս, որ այդ երկիրը ցանկություն չունի կարգավորելու երկու երկրների հարաբերությունները: «Արմենպրես»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը՝ ավելացնելով, որ թուրքական իշխանությունները սրանով ընդգծեցին, որ շարունակելու են շարժվել վերջին 20 տարիների ընթացքում որդեգրած քաղաքականությամբ՝ Հայաստանի շրջափակմամբ:

Ռ. Սաֆրաստյանը որեւէ նախադրյալ չի տեսնում առաջիկայում հայ-թուրքական հարաբերություններում հնարավոր տեղաշարժի համար: Նրա կարծիքով՝ միջազգային հանրությունը, մասնավորապես ԱՄՆ-ը, այսօր էլ շարունակում է այս հարցում պահպանել իր քաղաքականությունը՝ կողմ արտահայտվելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված գործողությունների իրականացմանը: «Սակայն, Թուրքիայի նկատմամբ այս խնդրում ճնշումներ կիրառելու քայլեր ԱՄՆ-ի կողմից ներկայում պետք չէ սպասել: Մերձավոր Արեւելքում, մասնավորապես, արաբական ապստամբությունները, Սիրիայում գործող քաղաքական իրավիճակը մեծացրել են Թուրքիայի դերը միջազգային ասպարեզում: Այս պարագայում, Թուրքիան ԱՄՆ-ի համար շարունակում է մնալ կարեւոր դերակատարություն ունեցող պետություն»,- նկատեց Սաֆրաստյանը:

Նրա խոսքով՝ մեր երկրի Ազգային ժողովի օրակարգից եւս պետք է արագորեն հանվի արձանագրությունների վարեվացման հարցը, իսկ Հայաստանը պետք է հետ կանչի իր ստորագրությունը՝ փաստաթղթի տակից:

Հիշեցնենք, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման արձանագրությունները ստորագրվել էին 2009 թվականի հոկտեմբերի 10-ին՝ Ցյուրիխում, Հայաստանի եւ Թուրքիայի արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Ահմեդ Դավութօղլուի կողմից:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում