ՀՀ նախագահ. «Մեր ամենից մեծ ձեռքբերումն անկախության սերունդն է»
4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մեր ամենից մեծ ձեռքբերումը անկախության սերունդն է»,- այսօր «Միասին» երիտասարդական շարժման եւ «Արի տուն» ծրագրի մասնակիցների հետ ունեցած հանդիպման ժամանակ նման հայտարարությամբ հանդես եկավ Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը' պատասխանելով երիտասարդներից մեկի այն հարցին, թե որոնք են Հայաստանի 20-ամյա անկախության ամենամեծ ձեռքբերումներն ու սխալները:
«Անկախությունը, բնականաբար, մեզ շատ բան է տվել, եւ հենց անկախությունն արդեն ձեռքբերում է: Մենք կարողացել ենք վերականգնել մեր պետականությունը, եւ այսօր Հայաստանի պետությունը ծառայում է հայ ժողովրդի շահերին. սա է անկախությունը»,- նշեց նախագահը' հավելելով, որ այս տարիների ընթացքում հայ ժողովուրդը ձեւավորել է բանակ, որը կարողանում է լիարժեքորեն կատարել իր պարտականությունները:
ՀՀ նախագահի խոսքով' այս ընթացքում մենք շատ մեծ առաջընթաց ենք ունեցել ազգային-պետական կառույցների ձեւավորման գործում: «Իհարկե, այսօր ունենք բազմաթիվ խնդիրներ, սակայն եթե մեկն օբյեկտիվորեն հետ նայի եւ տեսնի' ինչ էր ներկայացնում իրենից մեր պետությունը 20 տարի առաջ, ապա ուրախությունից պետք է սիրտը վեր թռչի. դա միանշանակ է, ես դրանում խորապես համոզված եմ, այս ընթացքում մենք կարողացանք ձեւավորել ժողովրդավարական հաստատություններ, այստեղ էլ խնդիրներ ունենք, բայց այսօրվա մեր հասարակությունը չի կարելի համեմատել 30-35 տարի առաջվա հետ»,- շեշտեց Ս.Սարգսյանը' կարեւորելով Հայաստանի ներկայացվածությունը միջազգային կառույցներում' ՄԱԿ-ում, Եվրոպայի խորհրդում, Առեւտրի համաշխարհային կազմակերպությունում, ԱՊՀ-ում, ՀԱՊԿ-ում եւ այլն: «Ներառված ենք գրեթե բոլոր առաջադեմ կառույցներում, իսկ սա նշանակում է, որ մեր երկիրը զարգանում է նույն ճանապարհով, միգուցե մի քիչ ավելի դանդաղ տեմպերով, սակայն նույն ճանապարհով»,- փաստեց Ս.Սարգսյանը:
Անդրադառնալով այս ընթացքում ունեցած սխալներին' նախագահը նշեց, որ «այս ընթացքում ունեցել ենք նաեւ կորուստներ, սխալներ, սակայն մենք, կոնկրետ ես տեր եմ եւ' հաջողություններին, եւ' սխալներին»: Ս. Սարգսյանի ներկայացմամբ' 1990-ականների սկզբին այն տնտեսությունը, որը կար Խորհրդային Հայաստանում, փլուզվեց եւ առաջին հերթին' որպես դրա արդյունք, հարյուր հազարավոր մարդիկ լքեցին Հայաստանը: «Չի լինում այնպես, որ ամեն ինչ զուտ դրական հունով գնա, չի լինում այնպես, որ ամեն ինչ կյանքում բաղկացած լինի դրական պահերից, իսկ սխալների մասին շատ պետք չէ խոսել, այլ դրանցից պետք է դասեր քաղել»,- ասաց Ս.Սարգսյանը' ընդգծելով, որ սխալների մասին սիրում են խոսել այն մարդիկ, ովքեր ցանկանում են պատասխանատվության բեռն իրենց ուսերից գցել ուրիշների ուսերին:
«Միշտ պետք է աշխատել հնարավորության սահմաններում, խուսափել ուրիշների սխալները դարձնել մեծ քննարկումների թեմա, իսկ որ 20 տարի հետո մենք լինելու ենք ամբողջովին ժողովրդավար, իրավական պետություն, որ մեր սոցիալ-տնտեսական խնդիրների ծայրահեղ, ճնշող մեծամասնությունը լուծված են լինելու, դրանում ես չեմ կասկածում»,- համոզմունք հայտնեց ՀՀ նախագահը: