4 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀԱՊԿ-ը կայացող եւ շատ խոստումնալից ռազմաքաղաքական միավոր է: Այստեղ ընդգրկված են երկրներ, որոնք բազմաթիվ յուրահատուկ շահեր ունեն, բայց նրանց բոլորին ինչ-որ բան միավորել է, եթե նրանք հայտնվել են այդ ռազմաքաղաքական կառույցում: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը' ավելացնելով, որ նրանց առաջին հերթին միավորել է Ռուսաստանի հետ շահերի ընդհանրությունը բազմաթիվ հարցերի շուրջ:
«ՀԱՊԿ-ի առաջին եւ հիմնական գործուն մեխանիզմը' իբրեւ ռազմաքաղաքական միավորի, արագ արձագանքման զորախումբն է, որը շատ իրական տեսք է տալիս ՀԱՊԿ-ին»,- նշեց Դ. Ջամալյանը: Նա հիշեցրեց, որ Հայաստանը, բացի ՀԱՊԿ-ի շրջանակներում համագործակցությունից, ուղղակի պայմանավորվածություններ ունի Ռուսաստանի հետ: Առաջին հերթին Հայաստանի ռազմական անվտանգության խնդիրները կապվում են Ռուսաստանի հետ, սակայն, ըստ նրա, հայկական կողմը շատ լուրջ ակնկալիքներ ունի նաեւ ՀԱՊԿ անդամ այլ երկրներից, քանի որ կան փոխադարձ պայմանավորվածություններ:
«Խոսքը կարող է վերաբերել փոխօգնության ամենատարբեր ձեւերին: Առաջին հերթին շատ լուրջ ակնկալիքներ ունենք արագ արձագանքման ուժերից: Արագ արձագանքման ուժերը միս ու արյուն են տալիս այդ կազմակերպությանը: ՀԱՊԿ-ը, որպես իրական, գործուն կառույց, դրանով է ներկայանում»,- ասաց Դ. Ջամալյանը:
Անդադառնալով ադրբեջանական կողմի այն պնդումներին, թե իբր ՀԱՊԿ-ն անարդյունավետ կառույց է, Դ. Ջամալյանը նշեց, որ հայ-ռուսական ռազմավարական համագործակցությունն ադրբեջանցիների մոտ անհանգստության տեղիք է տվել: Ուստի նրանք փորձում են հեգնանքի ֆոն ստեղծելով վարկաբեկել Հայաստանի համագործակցությունը Ռուսաստանի հետ: Ռազմական փորձագետի կարծիքով' ադրբեջանցիներն իրականում շատ լավ հասկանում են, որ ՀԱՊԿ-ի կառուցվաքի մեջ ընդգրկված են երկրներ, որոնք, իրենց աշխարհաքաղաքական շահերից ելնելով, շատ սերտորեն համագործակցում են Ռուսաստանի հետ:
«Միգուցե նաեւ դա ի նկատի ունեն, երբ պնդում են, որ ՀԱՊԿ-ն արդյունավետ կառույց չէ: Պետք չէ գերագնահատել ՀԱՊԿ-ի նշանակությունը, սակայն եթե համագործակցությունն ավելի խորանա, այն իբրեւ ռազմաքաղաքական կառույց էլ ավելի կկայանա»,- ասաց Դ. Ջամալյանը: Ըստ նրա' միայն այն հանգամանքը, որ ներկայում համատեղ զորավարժություններ են իրականացվում, որ արագ արձագանքման ուժերն արդեն իսկ ձեւավորված են, շատ կարեւոր են անդամ երկրների զինված ուժերի զարգացման, մարտունակության համար: Ասել թե ՀԱՊԿ-ը մեռած կառույց է, ըստ Դ. Ջամալյանի, իհարկե, սխալ է. դա ադրբեջանցիների չարախնդալու մղումն է միայն, ուղղակի պետք է հաշվի առնել, որ կառույցը շարունակում է կայանալ: «Այն, ինչ կա այսօր, շատ խոստումնալից է եւ առաջիկայում միայն զարգացման հեռանկար ունի»,- ավելացրեց ռազմական փորձագետը:
Դ. Ջամալյանի խոսքով' անմիջական ագրեսիայի պարագայում երկրներն ունեն որոշակի պարտավորվածություններ: «Մեզ համար հստակ է հետեւյալը. եթե, այնուամենայնիվ, մեր երկրի հանդեպ լինի ոտնձգություն, ագրեսիա, ինչ տիպի օգնություն էլ, որ մենք կարողանանք ստանալ ՀԱՊԿ անդամ պետություններից, բացի Ռուսաստանից, մեզ համար, ըստ էության, շահավետ է»,- նշեց Դ. Ջամալյանը: Նրա խոսքով' Հայաստանը շատ լավ հասկանում է, որ առաջին հերթին դաշնակցային առումով ավելի սերտորեն կապված է Ռուսաստանի հետ, եւ բնական է, որ սահմանների անմիջական պաշտպանության պարագայում շատ ավելի մեծ ակնկալիքներ ունի Ռուսաստանից:
«Դա չի նշանակում, որ ՀԱՊԿ անդամ մյուս երկրները Հայաստանին չեն օժանդակելու: Գուցե չգան, չկռվեն առաջին գծում, բայց համագործակցությունը բազմաթիվ այլ ոլորտներում կլինի»,- հավելեց Դ. Ջամալյանը: