Հարցազրույց

Ա. Պապյան. «Պետությունը փորձում է յուրաքանչյուր հարցում աջակցել երիտասարդներին»

6 րոպեի ընթերցում

Ա. Պապյան. «Պետությունը փորձում է յուրաքանչյուր  հարցում աջակցել երիտասարդներին»

ԵՐԵՎԱՆ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2000 թ. ի վեր օգոստոսի 12-ին նշվում է Երիտասարդների միջազգային օրը: ՄԱԿ-ի կողմից հռչակված այդ տոնն ամբողջ աշխարհում նշանավորվում է մի շարք միջոցառումներով, որոնցից անմասն չի մնում նաեւ Հայաստանը: Այսօրվա հայ երիտասարդների դերի, նրանց խնդիրների լուծման ուղղությամբ պետության իրականացրած ծրագրերի շուրջ «Արմենպրես»-ը զրուցեց Հայաստանի Հանրապետության սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության Երիտասարդության հարցերով վարչության պետ Արմեն Պապյանի հետ:

- Պարոն Պապյան, ինչպե՞ս եք գնահատում այսօրվա երիտասարդության դերը հայ հասարակության մեջ:

- Ցանկացած երկրի երիտասարդության դերը, ներառյալ հայ երիտասարդների, գանահատում եմ շատ բարձր: Յուրաքանչյուր երկրի ապագան տարբեր ոլոտներում կախված է տվյալ երկրի երիտասարդությունից: Երիտասարդների համընդհանուր ակտիվության մասին խոսելը փոքր-ինչ դժվար է: Սակայն, կարող եմ ասել, որ կա հայ երիտասարդների մի հատված, որի հետ մենք բավականին սերտորեն համագործակցում ենք: Նրանք իրապես շատ ակտիվ են եւ մտահոգված երկրի ապագայով, ընդհանրապես այս երկրում տեղի ունեցող գործընթացներով: Մենք ունենք նաեւ շատ ակտիվ ստեղծագործող, գիտնական երիտասարդներ: Նրանք հաջողությամբ մասնակցում են ե’ւ երկրի ներսում, ե’ւ դրսում տեղի ունեցող` իրենց ոլորտին վերաբերող որոշակի գործընթացների, որոնց մենք օժանդակում ենք:

- Այսօր հատկապես ի՞նչ խնդիրներ ունեն հայ երիտասարդները, եւ պետության կողմից իրականացվող երիտասարդական ծրագրերն ինչքանո՞վ են նպաստում դրանց լուծմանը:

- Խնդիրները, իհարկե, բազմաթիվ են: Կարեւորագույն խնդիրներից եմ ես համարում զբաղվածության, բնակարանային պայմանների բարելավման հարցերը, որոնք երեւի ամենահրատապն են: Այդ առումով մենք փորձում ենք օժանդակել մեր երիտասարդներին: Նախարարությունը նախագծել է «Մատչելի բնակարան երիտասարդ ընտանիքներին» ծրագիրը, որը, իհարկե, դժվար է սոցիալական համարել, քանի որ որոշակիորեն ծրագիրն իրենից ներկայացնում է հիպոթոքային վարկավորում, իսկ քանի որ կա «վարկավորում» հասկացությունը, արդեն դա սոցիալականի մեջ չի կարող մտնել: Սակայն, մյուս կողմից, հաշվի առնելով պետության այսօրվա հնարավորությունները, ես կարծում եմ, որ այս ծրագիրն այնուամենայնիվ որոշակի դեր ունի: Ծրագիրն ընթացիկ տարվա հուլիսի վերջի դրությամբ արդեն ունի 462 շահառու: Իհարկե, այն դեռեւս պիլոտային փուլում է. կարող է ունենալ որոշակի փոփոխություններ:

Մեր նախարարությունը շատ ակտիվ իրականացնում է նաեւ դրամաշնորհային ծրագիր: Մեզ դիմում եմ բազմաթիվ երիտասարդներ, ովքեր արտասահմանյան երկրներում մասնակցում են գիտաժողովների, խորհրդաժողովների, ցուցահանդեսների, մենք օժանդակում ենք այդ երիտասադներին` ֆինանսավորելով նրանց ճանապարհածախսը: Նկատի ենք ունենում նաեւ այն հանգամանքը, թե որքանով է տվյալ գործուղումը բխում Հայաստանի շահերից: Մենք հետագայում բազմաթիվ շնորհակալագրեր ենք ստանում ոչ միայն այն երիտասարդներից, որոնց օժանդակել ենք, այլ նաեւ միջազգային կազմակերպություններից, որտեղ գնահատվել են ներկայացված աշխատանքները:

Անցյալ տարվանից նախարարությունն իրականացնում է «Երիտասարդների գիտատեխնիկական մրցույթ» ծրագիրը, որի շրջանակներում երիտասարդ գիտնականների, ասպիրանտների, բարձր կուրսի ուսանողների գիտական լավագույն աշխատանքները պարգեւատրվում են: Այս ծրագրի միջոցով երիտասարդները հասկանում են, որ գիտելիքը գնահատվում է պետության կողմից:

- Մարզերի երիտասարդներն այսօր ավելի պասիվ են: Արդյո՞ք ինչ-որ ծրագրեր իրականացվում են նրանց դերի բարձրացման ուղղությամբ:

- Մենք այսօր ունենք դրամաշնորհների ներկայացման առցանց համակարգ. երիտասարդական կազմակերպությունն իր ծրագրով դիմում է եւ գրանցվում այդ համակարգում: Նախարարի կողմից նշանակված փորձագետների խմբի միջոցով գնահատվում են ներկայացված աշխատանքները: Այդ համակարգով մեծ մասամբ դիմում են մարզերի երիտասարդները: Մենք ձգտում ենք առաջին հերթին խրախուսել մարզերի երիտասարդների կողմից ներկայացված ծրագրերը:

- Իսկ ինչպիսի՞ ծրագրեր են իրականացվում Հայաստանի եւ Սփյուռքի երիտասարդների միջեւ կապի ամրապնդման ուղղությամբ:

- Կան մի շարք ծրագրեր: Ուզում եմ առանձնացնել ՀՀ սփյուռքի նախարարության հետ համատեղ հոկտեմբերին իրականացվելիք Հայաստանի եւ Սփյուռքի երիտասարդ գործարարների համաժողովը: Մենք ուզում ենք կապել Հայաստանի եւ Սփյուռքի եիտասարդ գործարարներին, նրանց մեջ սերտ կապ ստեղծել, եւ հետագա համագործակցության հիմք դնել: Ծրագիրն արդյունավետ է լինելու եւ օգտակար` Հայաստանի համար:

- Եվ վերջում, տոնի առթիվ ի՞նչ կմաղթեք երիտասարդներին:

- Ես կմաղթեի երիտասադրությանն առաջին հերթին քաջառողջություն, երջանկություն եւ բոլոր իղձերի իրականացում: Եվ մենք մեր կողմից կփորձենք ամեն կերպ օժանդակել նրանց: Իրոք, մեր երիտասարդությունը լավն է. ամենայն բարիք նրանց:

Հարցազրույցը' Հասմիկ Փայտյանի

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում