Ըստ Վ.Շիրխանյանի` ԼՂ խնդրում լավագույն տարբերակը ստատուս-քվոյի պահպանումն է
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Կարգավիճակի դիմաց' տարածքներ» բանաձեւը պետք է փոխարինվի «տարածքների համարժեք փոխանակում» պայմանով: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց ՍԴՀԿ կենտրոնական վարչության անդամ, Պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը:
Ըստ նրա' Ադրբեջանը ողջ աշխարհին փորձում է ապացուցել, որ Հայաստանն օկուպացրել է իր տարածքների 20 տոկոսը: «Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջնական լուծումը կդադարեցնի Թուրքիայի նկրտումները դեպի Կովկաս, Կենտրոնական Ասիա, ինչն էլ սկիզբ կդնի Հայաստանի զարգացմանը»,- նկատեց Վ.Շիրխանյանը:
Լրագրողների այն դիտարկմանը, որ բանախոսի կողմից առաջարկած լուծման այս եղանակը, այն է' տարածքների փոխանակում, ուտոպիստական է, Վ. Շիրխանյանը պատասխանեց, որ 20 տարի առաջ ավելի ուտոպիստական էր թվում Լեռնային Ղարաբաղի ազատագրումը, իսկ 25 տարի առաջ' Խորհրդային միության փլուզումը: «Սա ցանկալի լուծման եղանակ է, աշխարհում էլ նախադեպեր կան»,- հավաստիացրեց բանախոսը:
«Ես միշտ ասել եմ, այսօր էլ կրկնում եմ, որ ստատուս- քվոյի փոփոխումը Ղարաբաղյան խնդրում ձեռնտու չէ ոչ Հայաստանի, ոչ Ադրբեջանին, ոչ Ռուսաստանին, լավագույն տարբերակը ստատուս-քվոյի պահպանումն է, մինչեւ որոշվի մի լուծում, որը խաղաղություն կբերի տարածաշրջանին»,- շեշտեց Վ.Շիրխանյանը: