Հ. Սասունյան. «Կան բոլոր իրավական հիմքերը` Թուրքիայում հայկական եկեղեցիների վերադարձման հարցը ՄԻԵԴ-ում բարձրացնելու համար»
2 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 11 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ընդունած 2012 թ. ընթացքում ԱՄՆ պետդեպարտամենտի ֆիսկալ հատկացումների վերաբերյալ «Վավերացման ակտ»-ի 808 կետում ներկայացված փոփոխությունների վերաբերյալ հարցը Կոնգրեսի լիագումար նիստում կքննարկվի աշնանը: Սրանով կոչ է արվում Թուրքիային հարգել կրոնական փոքրամասնությունների իրավունքները, վերադարձնել նրանցից բռնազավթված սրբավայրերն ու դրանց սեփականությունը' գույքը:
Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց «Կալիֆորնիան կուրիեր» թերթի գլխավոր խմբագիր Հարութ Սասունյանը, թեեւ վերը նշված ակտը խորհրդանշական բնույթ ունի եւ որեւէ իրավական ուժից զուրկ է, մեծ նշանակություն ունի' ողջ աշխարհին եւս մեկ անգամ ներկայացնելու հայկական խնդիրը:
«Ինչպես հայկական, այնպես էլ թուրքական լոբբիստական կազմակերպություններն այս հարցի շուրջ մեծ աշխատանքներ են իրականացնում: Մենք եւս մեկ անգամ պետք է փորձենք բարձրացնել մեր արդար պահանջը, նույնիսկ եթե այն տվյալ դեպքում իրավական հետեւանք չունի: Միայն այն, որ հարցը բարձրացվում է Կոնգրեսի կողմից, մեծ նշանակություն ունի' ողջ աշխարհին եւս մեկ անգամ մեր խնդիրների մասին տեղեկացնելու գործում: Սրա արդյունքում կարող ենք եկեղեցիների պահանջատիրության, վերադարձման հարցը բարձրացնել միջազգային ատյաններում, UNESCO-ում, տարբեր երկրների խորհրդարաններում: Անկախ Կոնգրեսի որոշումից' եկեղեցիների պահանջատիրության հարցը պետք է ներկայացվի Մարդու իրավունքների եվրոպական դատարան, որի որոշումները Թուրքիան ստիպված կլինի կատարել»,- նկատեց Հ. Սասունյանը:
Նրա հավստամամբ' հայկական կողմն ունի դրա բոլոր իրավական հիմքերը, հազարավոր փաստաթղթեր: «Որեւէ մեկը չի կասկածում, որ Թուրքիայում առկա են բազմաթիվ հայկական եկեղեցիներ, որոնք թուրքերը վերածել են մզկիթների, պահեստների եւ այլն»,- փաստեց «Կալիֆորնիան կուրիեր»-ի գլխավոր խմբագիրը: