Կարծիքներ

Ըստ արաբագետի` Սիրիայում Թուրքիայի միջնորդությունը պայմանավորված է վերջինիս աշխարհաքաղաքական շահերով

3 րոպեի ընթերցում

Ըստ արաբագետի` Սիրիայում Թուրքիայի միջնորդությունը պայմանավորված է վերջինիս աշխարհաքաղաքական շահերով

ԵՐԵՎԱՆ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի իշխանությունները պետք է փորձեն անել ամեն ինչ' միջազգային առանձին շրջանակների զերծ պահելու իրենց երկրի ներքին գործերին միջամտելուց: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց արաբագետ Արաքս Փաշայանը, ներքաղաքական խնդիրների լուծման հարցում Սիրիայի իշխող վարչակարգն ունի սեփական մոտեցումը: Դժվար է ասել, թե որքանով շահեկան կլինի Սիրիայի համար հնարավոր իշխանափոխությունը: Փորձագետի կարծիքով' Սիրիայում Թուրքիայի ակտիվ դերակատարությունը եւ միջնորդական առաքելությունը կապված են Մերձավոր Արեւելքում Թուրքիայի արտաքին քաղաքական նոր հայեցակարգի հետ: Այն սկսել է լայնորեն ներդրվել 2002-ից ի վեր, երբ Թուրքիայում իշխանության եկավ «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը: Թուրքիայի ներկա ջանքերն ուղղված են «Մեծ Մերձավոր Արեւելքում» առանցքային կամ առաջատար պետություն դառնալուն:

«Այս պարագայում Թուրքիան որոշակի առումով կատարում է նաեւ Արեւմուտքի պատվերը' տարածաշրջանում հետապնդելով սեփական շահերը: Նախքան «արաբական գարունը» Թուրքիան էապես սերտացրեց հարաբերություններն արաբական վարչակարգերի հետ, իսկ հետագագայում ավելի շատ հանդես եկավ հօգուտ ընդդիմադիրների»,- ասաց Ա. Փաշայանը: Խնդիրն այն է, որ Թուրքիան ձգտում է պահպանել եւ առաջ տանել խարիզմատիկ պետության իմիջն իսլամական աշխարհում: Ակնհայտ է, որ արաբական իսլամական հասարակություններում որոշակի համակրանք կա Թուրքիայի եւ առհասարակ թուրքական մոդելի նկատմամբ: Բացի այդ, Թուրքիայի համար որոշակիորեն շահեկան է արաբական վարչակարգերի թուլացումը' հօգուտ սեփական դիրքերի ամրապնդման:

«Ինչ վերաբերում է Սիրիային, ապա Թուրքիայի միջնորդությունն այստեղ պայմանավորված է վերջինիս աշխարհաքաղաքակական շահերով: Թուրքիան Սիրիայի հետ մոտ 850 կիլոմետրանոց սահման ունի: Թուրքիան, ըստ Էության, հետաքրքված է Սիրիայում կայունության պահպանմամբ, քանի որ մտահոգված է քրդական գործոնի հնարավոր ակտիվացումից»,- նշեց Ա. Փաշայանը' ավելացնելով նաեւ, որ եթե Թուրքիայի իշխանությունները շարունակեն Սիրիայի հարցում հանդես գալ կոշտ գնահատականներով, ապա Դամասկոսը նույնկերպ կհակադարձի Անկարային: Թուրք-սիրիական հարաբերություններում լարվածություն կառաջանա, որը հաղթահարվել էր 2000 թ-ից ի վեր, երբ երկու պետությունների հարաբերությունները որակապես նոր փուլ թեւակոխեցին' ընթանալով սերտացման ճանապարոհվ:

Ա. Փաշայանը նաեւ հիշեցրեց, որ Հաֆեզ Ասադի օրոք այդ երկու երկրների միջեւ հարաբերությունները բավականին լարված էին' կապված մասնավորապես քրդական եւ ջրի գործոնի հետ. 1990-ականների վերջերին երկու երկրները նույնիսկ կանգնած էին պատերազմի վտանգի առաջ:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում